«Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող, թողարկման պատասխանատու Հայկ Գեւորգյանի կողմից «քաղաքացուն վրաերթի ենթարկելու օրը» նրանց շենքի բակում մի մեքենա է հայտնվել, որը սկսել է հետեւել նրա կնոջը, թե որտեղ է նա գնում, որ խանութն է մտնում, հարեւաններից հետաքրքրվել է երեխաների մասին։ Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայկ Գեւորգյանը` հավելելով, որ կինն այդքան էլ լավ չի տարբերում մեքենանների մակնիշները, բայց ասել է, որ ջիպ է եղել, որի հետեւում պահուստային անվադողի տեղը չկար, իսկ համարանիշները 10 101 կամ 01 101 էր, կոնկրետ չի հիշում։

Անդրադառնալով բուն պատահարին՝ Հայկ Գեւորգյանը մեկ անգամ եւս շեշտեց, որ  ինքը մեքենայով քաղաքացուն չի հարվածել, թեթեւակի հպում էլ չի եղել։ «Ես վստահ եմ, որ նրանք ովքեր սարքել են այս գործը, ունեն նկարահանած կադրեր ու եթե հպումը լիներ, իրենք էդ կադրերը ցույց կտային «Հայլուրով»,- ասաց լրագրողը։

Նա պատմեց, որ դեպքը եղել է հունվարի 13-ին ժամը 17.30-ի սահմաններում, երբ ինքը հարցազրույցի էր գնացել Էկոնոմիկայի նախարարի տեղակալի մոտ:

«Հարցազրույցից հետո ես էկոնոմիկայի նախարարությունից դուրս գալով՝ մոտեցա մեքենայիս: Մեքենան կանգնած էր մայթին, ես նստեցի, փորձեցի հետընթացով դուրս գալ, տեսա՝ ինչ-որ մեկը հետեւում կանգնած է: Մտածեցի՝ կանգառում դրամ հավաքող է, գումարը պարզեցի` չվերցրեց, հեռացավ, հետո մի քանի անգամ եկավ-գնաց, ես հետեւում էի հայելիով:

Երբ եւս մեկ անգամ եկավ, ձայնային ազդանշան տվեցի, գնաց մի կողմ, ես, իրեն նայելով, սկսեցի կամաց շարժվել, եւ այդ պահին գոռաց՝ «վաաաաախ», բայց կանգնած լինելով մեկ այլ մեքենայի հետեւում: Դուրս եկա մեքենայից եւ ասացի՝ ոստիկանություն կանչե՞մ, նա ձայն չհանեց, ես թողեցի-գնացի. այսքանը»,- պատմեց լրագրողը` բացառելով, որ մեքենան դիպել է Աշոտ Ֆրանգուլյանին, քանի որ նա եղել է տասնյակ սանտիմետրերով հեռու:

Դեպքից հետո ինքն այդ մասին պատմել է թերթի խմբագրությունում, բայց հարկ չի համարել գրել` սպասելով ոտսիկանության արձագանքին: Հայկ Գեւրգյանը սպասում էր, որ իրեն կձերբակալեն հունվարի 13-ին, 14-ին, բայց մի փոքր հետաձգվեց: «Իրենք պլանավորել էին, որ ես կխառնվեմ իրար, բայց դա չեղավ, իմ գործողությունը չտեղավորվեց  իրենց շղթայի մեջ, շղթան քանդվեց»,- ասաց նա։

Հիշեցնենք, «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գեւորգյանը կալանավորվել է փետրվարի 3-ին եւ տեղափոխվել «Նուբարաշեն» ՔԿՀ: Նա մեղադրվում է մի քաղաքացու վրաերթի ենթարկելու մեջ: Փաստի առթիվ քրգործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով եւ 244-րդ հոդվածով՝ ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է միջին ծանրության վնաս եւ Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելու համար: «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ վրաերթ տեղի չի ունեցել: Երեկ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հաստատությունից նա ազատ է արձակվել։