Հայաստանը կողմ է արժանապատիվ համագործակցությանը տարածաշրջանի երկրների հետ եւ առկա խնդիրները փոխընդունելի եղանակով լուծելու մարտավարությանը: Այս մասին այսօր` փետրվարի 7-ին,
Ջ. Մարշալի անվան կենտրոնի շրջանավարտների Հայկական Ասոցիացիայի, Եվրոպական անվտանգության ուսումնասիրման կենտրոնի եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կողմից համատեղ կազմակերպված «Հարավային Կովկաս` նոր մարտահրավերներ» թեմայով սեմինարի ժամանակ ասել է ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյան: Նա նշել է, որ սթափ գնահատելով իրավիճակը` Հայաստանը կարողանում է հաղթահարել ազգային անվտանգության սպառնալիքները եւ ներկայիս մարտահրավերները: ԱԱԽ քարտուղարը կարեւորել է տարածաշրջանի երեք երկրների` Ադրբեջանի, Վրաստանի եւ Հայաստանի համար տնտեսական զարգացման հավասար միջազգային հնարավորությունների ապահովումը, Հայաստանը շրջանցող տարածաշրջանային ծրագրերի անթույլատրելիությունը, ինչը կնպաստի ռազմաքաղաքական հավասարակշռությանը, հետեւաբար` կայունության ամրապնդմանն ու զարգացմանը: Իրենց ելույթներում ՀՀ-ում ԳԴՀ դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը եւ ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերն ընդգծել են տարածաշրջանում խաղաղության եւ փոխըմբռնման մթնոլորտի ապահովման կարեւորությունը:




























