Աջափնյակի թիվ 6 ընտրատարածքում թեժ ընտրապայքար է սպասվում: Ներկայիս գումարման Ազգային Ժողովում այդ ընտրատարածքից ընտրված պատգամավորը Հարություն Փամբուկյանն է, ով, ըստ շրջանառվող լուրերի, մտադրություն չունի կրկին առաջադրվելու:
NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ, այս ընտրատարածքում առաջադրվելու մտադրություն ունեն առնվազն երեք թեկնածուներ:
Աջափնյակի թաղապետ Ռուբեն Հովսեփյանը` գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբայրը մեզ հետ զրույցում ավելի վաղ ասել էր, թե մտադիր է առաջադրել իր թեկնածությունը: Վերջինիս, ըստ ամենայնի, կպաշտպանի Հայաստանի հանրապետական կուսակցությունը:
Առաջադրվելու են նաեւ Վահան Բաղդասարյանը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից, եւ պատգամավոր Գագիկ Բաղդասարյանը, ով երեկ է լքել «Օրինաց երկիր» կուսակցությունն ու մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել:
Չի բացառվում, որ առաջադրվեն Պետգույքի կառավարման վարչության պետի տեղակալ Պարույր Կարապետյանը եւ այդ ընտրատարածքից 2003թ պատգամավոր ընտրված Մանվել Նազարյանը:




























