Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի բնակիչ 61-ամյա Թամարա Գուլանյանի ինքնասպանության դրդապատճառների վերաբերյալ կարծիքները հակասական են: Մի դեպքում նշվում է, որ նա ընտանեկան վիճաբանության զոհ է դարձել, իսկ երկրորդ վարկածով կինն ինքնասպան է եղել սոցիալական ծանր պայմաններից դրդված:
Ծովագյուղի գյուղապետ Գեւորգ Թովմասյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ինքը համոզված է, որ Թամարա Գուլանյանը, ով նաեւ իր հորաքրոջ աղջիկն է, ինքնասպան է եղել սոցիալական պայմաններից ելնելով, այնինչ գյուղում խոսակցություններ կան, թե 61-ամյա կնոջ ընտանիքում հոր եւ որդու միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել, որին միջամտել է նաեւ ինքը եւ հարվածներ ստացել: Նույնիսկ նշվում է, որ նրան Սեւանա լճում հայտնաբերել են կոտրվածքներով:
Գյուղապետն արձագանքելով այս խոսակցություններին նշեց. «Ինքնասպանության պատճառը սոցիալական է եղել: Նրանց ընտանիքը ծանր սոցիալական վիճակում է ապրում: Ունի ամուսին, սկեսրայր, տղա, հարս որոնցից ոչ մեկը չի աշխատում, իսկ որդու ոտքն էլ կոտրված է: Եթե նա ապրեր Երեւանում, ոչ թե կխեղդվեր Սեւանա լճում, այլ ինքն իրեն կնետեր Դավիթաշենի կամ Կիեւյան կամուրջներից: Մեզ մոտ ինքնասպանության համար հարմար վայրը ծովն է: Ինչպես ասում են առաջը ծով, հետեւն էլ Ծովագյուղ: Նա մի քանի անգամ բարձրաձայնել է ինքնասպանության մասին ասելով, թե կգնա իրեն կխեղդի»:
Ինչ վերաբերում է նրան, որ դեպքի օրը նրանց ընտանիքում վեճ է տեղի ունեցել, գյուղապետն ասաց. «Եթե Դուք իրենց ճանաչեիք նման բան չէիք ասի: Նա իմ հորաքրոջ աղջիկն է եւ այդպիսի բան չկա: Ասում են. «Երբ եզն ընկնում է, դանակավորները շատանում են»: Ամեն մարդ մի բան կասի: Ավելին` սրանք այն մարդիկ չեն, որ որեւէ մեկին կաշառելու համար գումար ունենան: Դրանք նույնիսկ հացի փող չունեն»:
Սույն գործով ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզի քննիչ Արկադի Գաբրիելյանը նշեց, որ դեռ քրեական գործ չի հարուցվել, սակայն նյութեր են նախապատրաստվում: Նա նաեւ նշեց, որ դիակի արտաքին զննության ժամանակ կնոջ մարմնի վրա կոտրվածք չեն հայտնաբերել, վիճաբանության մասին եւս տվյալներ չունեն:
«Մինչ օրս մենք նման տվյալներ չունենք, դրանք խոսակցությունների մակարդակով են: Իսկ եթե ինչ-որ մեկը նման տվյալ ունի, պատրաստ ենք լսել եւ օբյեկտիվ քննություն իրականացնել»,- առաջարկեց գործով քննիչը, հավելելով, որ նշանակված դատաբժշկական փորձաքննությունը դեռ ընթացքի մեջ է եւ լաբորատորիայի եզրակացության արդյունքները դեռ իր մոտ չեն:
Քննիչը նաեւ ընդգծեց, որ եթե նախաքննության ընթացքում, ինչ-որ մեկը վիճաբանության մասին ինֆորմացիան համարձակվի խոսակցությունների մակարդակից տեղափոխել իրավական դաշտ, այդ փաստով քրեական գործ կհարուցվի, իսկ եթե ոչ` գործը կփակվի:




























