Այս տարի մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ` լրատվամիջոցներում պատգամավոր դառնալու հավանական թեկնածունների բազմաթիվ անուններ են շրջանառվում, ըստ որում` ոչ միայն ներկա եւ նախկին պատգամավորներ, գործարարներ, քաղաքական գործիչներ, այլեւ լրագրողներ, մամուլի քարտուղարներ եւ առհասարական մեդիայի ոլորտի ներկայացուցիչներ:
«Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ եւ վարող Պետրոս Ղազարյանն արդեն հաստատել է լուրը, որ ինքը պատրաստվում է ԲՀԿ համամասնական ցուցակում ընդգրկվել եւ դառնալ պատգամավոր։
ԲՀԿ համամասնական ցուցակով պատգամավոր դառնալու մասին լուրեր են շրջանառվում նաեւ «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանի դեպքում: Նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ պատրաստվում է մտնել ակտիվ քաղաքականություն, սակայն չի պատրաստվում իշխող կուսակցություններից որեւէ մեկի ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրվել: «Խմբագրի գործունեությունը այսպես, թե այնպես առնչվում է քաղաքականության հետ, դու չես կարող քեզ դրանից առանձնացնել, դու դրա մեջ ես, բայց ակտիվ քաղաքական գործունեություն ծավալելու մտադրություն, այո, ունեմ»,- ասաց նա: Գլխավոր խմբագրի խոսքով` ակտիվ քաղաքականություն իր մտնելու ձեւաչափը պարզ կլինի առաջիկա մեկ ամսվա ընթացքում, մասնավորապես` կառաջադրվի՞, թե` ոչ, համամասնակա՞ն, թե` մեծամասնական ընտրակարգով: Վաղ է խոսել նաեւ այն մասին. թե ակտիվ քաղաքականություն մտնելուց հետո Սաթիկ Սեյրանյանը կշարունակի խմբագրել «168 ժամ» թերթը, թե` ոչ:
ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկվելու մասին շրջանառվում է «Առավոտ» օրաթերթի լրագրող Մարգարիտ Եսայանի, ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի ու վարչապետի օգնական, «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանի անունները: Մարգարիտ Եսայանն ասել է, որ առաջին անգամ է լսում այդ մասին, բայց դեմ չի լինի եւ կցանկանա պատգամավոր դառնալ:
Տիգրան Բալայանը NEWS.am-ի թղթակից հետ զրույցում, անդրադառնալով շրջանառվող լուրերին, նշեց, որ այս պահին ինքն աշխատում է ԱԳՆ մամուլի խոսնակ եւ ավելին ասել չի կարող: Վարչապետի օգնական, «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանն էլ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ չի ցանկանում այդ հարցին պատասխանել:
Անդրադառնալով ՀՀԿ համամասնական ցուցակով Նոր Նորք վարչական շրջանն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքից իր հավանական առաջադրմանը`ՀՀ նախագահի նախկին խոսնակ, այժմ Հանրային հեռուստառադիոընկերության լրատվավերլուծական ծրագրերի ղեկավար Սամվել Ֆարմանյանը մեզ հետ զրույցում ասաց. «Խորհրդարանական աշխատանքն ինձ համար միշտ եղել է շատ հետաքրքիր, եւ այժմ էլ այն ինձ հետաքրքրում է, ավելին, ես 2007թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ նաեւ մեծամասնական ընտրակարգով առաջադրվել եմ Նոր Նորքի 2-րդ ընտրատարածքում։ Նման մտադրություն ունեմ նաեւ հիմա, երբ օրենսդրությամբ նախատեսված ժամկետներում այդ մտադրությունը կվերածվի կոնկրետ քաղաքական որոշման, լրատվամիջոցների իմ գործընկերները կտեղեկանան այդ մասին»:
Պատրաստեց` Ինգա Մարտինյանը




























