Երեւանում, փետրվարի 10-ին, «Մոսկվա» կինոթատրոնի առաջին հարկում տեղի կունենա «Նա/Նե» մրցանակաբաշխության արարողությունը:
«Նա/Նե» չորրորդ ամենամյա մրցույթը նշանավորվել է ոչ միայն նախորդ տարիների համեմատ ներկայացված նյութերի առավելագույն քանակով, այլեւ մրցանակների բազմազանությամբ: 136 հեղինակի ավելի քան 240 աշխատանքից 24-ն այս տարի արժանացել են մրցանակների ավանդական եւ հատուկ անվանակարգերում:Այս տարի ավանդական վեց` հեռուստատեսային նյութ, տպագիր հոդված, ռադիոնյութ, առցանց եւ բլոգի հոդված, ֆոտո ռեպորտաժ, սոցիալական եւ առեւտրային գովազդ անվանակարգերին զուգահեռ սահմանվել է եւս յոթ հատուկ մրցանակ: Հաղթողները կարժանան «Նա/Նե» արծաթե արձանիկի եւ դրամական պարգեւի:
Առաջին անգամ մրցույթին ներկայացված պատմություններն առցանց ընթերցելու, քվեարկելու եւ իրենց մրցանակակրին ընտրելու հնարավորություն ունեն նաեւ հանրության ներկայացուցիչները: Հենց այդ նպատակով ստեղծվել էր «Նա/Նե» բլոգը, ուր տեղադրվում էին բոլոր նյութերը:
Անգամ մրցանակաբաշխության ընթացքում այցելելով «Նա/Նե» բլոգ` կարող են քվեարկել նախընտրած նյութի օգտին` սեղմելով Facebook-ի Like նշանը: Մրցանակաբաշխության ավարտին հայտնի կդառնա «Ֆեյսբուքցիների համակրանք» մրցանակի հաղթողը:
Նշենք, որ NEWS.am-ը նույնպես նյութ է ներկայացրել մրցույթին («Առանց սիրո երեխաներ մի ունեցեք». Լարիսա Հովսեփյանը որդեգրել է 15 ազգության 18 երեխայի»):
Վորլդ Վիժն Հայաստան գրասենյակը «Երեխայի առողջությունն առաջնային է» քարոզարշավի շրջանակում հատուկ մրցանակ կշնորհի մոր եւ մանկան առողջության հարցերը թեմայով լավագույն նյութի հեղինակին, իսկ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը սահմանել է երկու մրցանակ «Հայաստանում հղիության` սեռով պայմանավորված ընդհատումների հարցերը» թեմայով: Ուսանողական աշխատանքներն ուսումնասիրել են Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի ներկայացուցիչները` լավագույնին արժանացնելով հատուկ մրցանակի: Իսկ Eritasard.am երիտասարդական առցանց պարբերականը լավագույն ուսանողական աշխատանքի հեղինակին կտրամադրի մեկամսյա պրակտիկայի հնարավորություն Eritasard.am պարբերականում: «Մենք հանուն քաղաքացիական հավասարության» ՀԿ-ն հատուկ մրցանակ կշնորհի գենդերային նույնականացման եւ ինքնարտահայտման թեմայով լավագույն նյութի հեղինակին: ՀՀ աշխատանքի եւ սոցիական հարցերի նախարարությունը շնորհակալագիր կհանձնի այն լրատվամիջոցին, որը տարվա ընթացքում լավագույնս է լուսաբանել գենդերային հարցերը:
«Նա/Նե» ամենամյա լրագրողական մրցույթը կազմակերպում են Բրիտանական խորհուրդը, Երեւանում Բրիտանական դեսպանատունը եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը:



























