«Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին» օրենքի նախագիծը հավասարապես վերաբերում է բոլորին, իսկ այդ օրինագծի քվեարկությանը ԲՀԿ-ի չմասնակցելը չպետք է քաղաքական ենթատեքս փնտրել: Այս մասին այսօր՝  փետրվարի 9-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ Սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ հավելելով, որ կոալիցիայի ներսում ԲՀԿ-ի հետ առճակատում չկա։

Հակոբ Հակոբյանի կարծիքով՝ այն լավ օրենք է, որովհետեւ կա մեկ սկզբունք՝ կանխիկ գումարի շրջանառությունը ծնում է ստվեր։ «Հարյուրավոր օրենքներ քննարկվում են խմբակցությունների կողմից, ապա միայն Աժ-ում, որպեսզի լինի համաձայնություն։ Այս օրենքը վաղուց էր ԱԺ-ում։ Ուղղակի ԲՀԿ-ն չի քվեարկել եւ վերջ, սրա տակ պետք չէ ենթատեքստ փնտրել»,- ասաց նա։

Իսկ ահա ասուլիսի մյուս բանախոսը՝ Լիբերալ կուսակցության նախագահ, ՀԱԿ անդամ Հովհաննես Հովհաննիսյանը ԲՀԿ-ի քայլը գնահատեց  լուրջ քաղաքական դեմարշ։ Նա նշեց, որ ԲՀԿ-ն Ճիշտ դիտողություններ ուներ օրենքի հետ կապված, եւ այս պահին եւ այս տեսքով այդ օրենքի ընդունումը ընդունելի չէ։

Նշենք, որ «Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին» օրենքի նախագիծը ներկայացվել է խորհրդարանի քննարկմանը: Դեռեւս 2008թ. մշակված նախագիծը վերանայումների երկար ճանապարհ է անցել: Ըստ նախագծի`  2012 թ. հուլիսի 1-ից ֆիզիկական անձանց միջեւ ապրանքների (գույքի) օտարման, օգտագործման, աշխատանքների կատարման եւ ծառայությունների  մատուցման  համար 3 միլիոն դրամը գերազանցող գործարքների վճարումները չեն կարող իրականացվել կանխիկ գումարով:

Այս սահմանափակումը վերաբերում է նաեւ իրավաբանական անձանց, բացի ֆինանսական հատվածից`բանկեր, վարկային կազմակերպություններ եւ այլն:

Օրինագծի քննարկման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորները չմասնակցեցին քվեարկությանը եւ այն տապալվեց։