Լոռիի մարզկենտրոն Վանաձորում աշխատանքներ են տարվում քաղաքի հատակագիծ մշակելու ուղղությամբ, քանի որ քաղաքն այս պահի դրությամբ հաստատված հատակագիծ չունի: Դեռեւս 2004թ-ին Վանաձոր համայնքի կողմից պատվիրվել էր քաղաքի հատակագիծ, ինչը սակայն ավագանու կողմից չէր հաստատվել:  Այս մասին NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում ասաց Վանաձորի քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության բաժնի պետ Տիգրան Պապանյանը:

«Վանաձորի ավագանին  վերջին նիստին  որոշակի գումար հատկացրեց հին հատակագծի լրամշակման համար, քանի որ հինը դեռ տարիներ առաջ չէր հաստատվել, ու արդեն նորը պատրաստելու կարիք կար»,-ասաց նա:

Քաղաքի գլխավոր ճարտարապետի փոխանցմամբ այս պահին բաժնի կողմից աշխատանքներ են տարվում տեխնիկական ցուցանիշները պատրաստելու եւ մրցույթ հայտարարելու ուղղությամբ: Տիգրան Պապանյանի խոսքով, ստեղծված է միջգերատեսչական հանձնաժողով, որի համաձայնությունը ստանալուց  անմիջապես հետո  քաղաքի հատակագիծը կդրվի հասարակական քննարկման ու վերջում ավագանու հաստատաման:

Վանաձոր համանքի գլխավոր հատակագիծը նախատեսվում է ավարտին հասցնել մինչեւ 2013թ-ը: Իսկ նոր հատակագիծն ըստ բաժնի պետի, թույլ կտա ոչ միայն ազատվել քաաքաշինական որոշակի բարդություններից, այլ նաեւ կօգնի քաղաքի հստակ զարգացում իրականացնել, ինչպես նաեւ անհրաժեշտ պահին կազմակերպել քաղպաշտպանություն: