ՕԵԿ-ից հեռացված, ԱԺ պատգամավոր Գագիկ Բաղդասարյանը ՕԵԿ-ի կարկառուն դեմքերին առաջարկում է Երեւանի ցանկացած ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով թեկնածություն դնել եւ մրցել իր հետ, որից հետո պարզ կդառնա, թե ժողովրդի մեջ ով ավելի շատ հարգանք ունի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին ՕԵԿ-ական պատգամավոր Գագիկ Բաղդդասարյանը:
Նա տեղեկացրեց, որ իր գործընկեր պատգամավորներն առաջարկել են մանդատը վայր չդնել, որոնց շարքում են ՀՀԿ-ի պատգամավորների 30 տոկոսը, 5-6 պատգամավոր ԲՀԿ-ից եւ ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» բոլոր պատգամավորները:
«Սկզբում մտադրություն կար վայր դնել մանդատը, բայց քանի որ ժամ առ ժամ, րոպե առ րոպե իրադարձությունները փոխվում են, նաեւ հանգամանքերն են փոխվում, դեռ մտածում եմ եւ արդեն մտադրություն ունեմ մանդատը պահելու: Ես մանդատը վայր դնելու վերաբերյալ դիմում եմ գրել, որը եթե 15 օր հետո հետ չվերցնեմ այդ դեպքում նոր կնշանակի, որ ես իմ լիազորությունները դադարեցնում եմ: Բայց ժամանակը ցույց կտա»,- ավելացրեց Բաղդասարյանը:
Ի դեպ, նա տեղեկացրեց, որ այլ կուսակցություններին անդամագրվելու առաջարկ ստացել է, բայց դեռ ցանկանում է հանգստանալ: «Հարազատներս ասում են դեմքիդ ժպիտ է եկել եւ այդ նյարդային վիճակից կարծես կամաց-կամաց դուրս ես գալիս: Դեռ մի քանի օր կա մտածելու»,-ասաց նա ու հավելեց. «ՕԵԿ-ից դուրս գալուց հետո ինձ թեթեւացած են զգում: Կարծես ուսերիցս մի տոննանոց քար ընկած լինի»:




























