Ուսանողից 100 հազար դրամ կաշառք վերցնելու մեղադրանքով 2009թ-ի մարտի 27-ին ԱԱԾ աշխատակիցների կողմից ձերբակալված Ֆեմիդա Դավթյանը, ով բանտում 1 տարի, 10 ամիս` 666 օր անցկացնելուց հետո  համաներմամբ ազատ է արձակվել որոշել է մարտի 8-ին ինքնասպան լինել: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեցին ԱԺ պատգամավորները, ովքեր Ֆեմիդա Դավթյանի կողմից նախազգուշական նամակ են ստացել: Վերջինս պետհամալսարանի  Իջեւանի մասնաճյուղի  գրաբարի եւ լեզվաբանության  դասախոս է եղել, հեռակա ուսուցման բաժնի վարիչը:

Նրա բողոքում է, որ ազատ արձակվելուց հետո շարունակում են իրեն հրավիրել ոստիկանություն: Ֆ. Դավթյանի կողմից պատգամավորներին ուղղված նամակում ասվում է. «Կանանց տոնին ընդառաջ, ի նշան բողոքի, վերջ եմ տալու իմ կյանքին: Ես ինքնասպանության եմ գնում, արյունս տալիս եմ մազոխիզմի պետությանը` մազոխիզմից փրկվելու համար: Մահ` մազոխիզմից փրկվելու համար: Մահ մազոխիզմին, մարտի 8-ը` մազոխիզմի դեմ բողոքի օր: Խմեք արյունս, հայ մազոխիստ որձեր»: 

NEWS.am-ը զրուցեց ԱԺ պատգամավորների հետ հասկանալու համար, թե այս կնոջ նամակը նրանց կողմից ինչ ընթացք է ստանալու: «Ժառանգության» պատգամավոր, ՄԻ նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, թե հարցն այն է, որ այնտեղ չկա որեւէ կոնկրետ առաջարկություն, որեւէ ակնկալիք: «Շարադրանքը վերաբերում է ընդամենը իր ճնշված լինելուն եւ սպառնալիքը, որ ինքը իրեն կվնասի»,-ասաց նա:

Լարիսա Ալավերդյանը պատրաստվում է նրան պատասխան նամակ ուղարկել, որտեղ ներառված կլինեն իրեն հետաքրքրող մի շարք հարցեր, որից հետո նոր միայն կկարողանան միջամտել գործին: «Հակառակ դեպքում չենք կարող արձագանքել զուտ հուզական նամակին»,- ընդգծեց «Ժառանգության» պատգամավորը:

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյաննն էլ նշեց. «Այո, ես իմ էլեկտրոնային հասցեին ստացել եմ նման նամակ, բայց մեկ նախադասություն կարդացի եւ չշարունակեցի կարդալ»: ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ Մարդու Իրավունքների պաշտպանության մշտական  հանձնաժողովի փոխնախագահ Ռաֆիկ Պետրոսյանն էլ ասաց, որ ոստիկանների պահանջն օրինական է: «Ազատազրկման դատապարտված եւ կալանքից ազատվողները ազատվելուց հետո պետք է որոշ ժամանակ ոստիկանության հսկողության տակ մնան: Այսինքն ներկայանան ամիսը մեկ ստորագրեն, որ նոր հանցանք չեն կատարել, տեղում են եւ գնան: Այստեղ ոչ ինքնասպանության հիմք կա, ոչ էլ մեկը նրան ճնշում է, որ նրա նամակին ընթացք տրվի», ավելացրեց Ռաֆիկ Պետրոսյանը: