ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հերքում է ՕԵԿ-ից նեղացած լինելու մասին խոսակցությունները: «Աստված ինձ ինչքան կյանք է տվել, ես պայքարելու եմ ՕԵԿ-ի` իմ օջախի համար: Ինչ նեղանալ, ինչ հեռանալ, ինչ բան»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` ՕԵԿ-ական պատգամավորը: Նա պատասխանեց եւս մի քանի հարցի, հիշելով բուրիդանյան ավանակի պատմությունը: Զրույցը ներկայացնում ենք ստորեւ:
Պարոն Մարգարյան, ասում են ՕԵԿ-ից նեղացել եք եւ դրա պատճառով բացակայում եք ԱԺ նիստերից: Որպես պատճառ նշվում է այն, որ վերջերս ՕԵԿ-ում համամասնական ցուցակի քննարկման ժամանակ Ձեզ առաջարկվել է ոչ անցողիկ համար, փոխարենը Արթուր Բաղդասարյանը հորդորել է ընտրվել մեծամասնական ընտրակարգով:
Դա ակնհայտ զրպարտանք է իմ հասցեին: ՕԵԿ-ն ինձ համար ոչ, թե կուսակցություն է, այլ օջախ է: Ես ՕԵԿ-ի զինվոր եմ: Իսկ Արթուր Բաղդասարյանն ՕԵԿ-ի հիմնադիր առաջնորդը, իմ լավ ընկերը, բարեկամն ու նույնիսկ իմ եղբայրը: Աստված ինձ ինչքան կյանք է տվել, ես ծառայելու եմ իմ Օրինաց երկրին, իմ օջախին: Թող, որեւէ մեկը չմոռանա, որ ի պատիվ Արթուր Բաղդասարյանի, 2003թ-ին Հովհաննես Մարգարյանը ՕԵԿ-ի ընտրական ցուցակի 28-րդ համարն էր: 12 հոգի դիմում գրեցին հրաժարվեցին մանդատից, բայց Հովհաննես Մարգարյանը Արթուր Բաղդասարյանի ցանկությամբ մանդատ ստացավ եւ դարձավ պատգամավոր: Դա ես երբեք ոչ կմոռանամ, ոչ կուրանամ: Ես իմ ՕԵԿ-ի զինվորն եմ, զինվոր էլ կմնամ:
Շատ շատերը կերազեն դա տեսնել, բայց հերթական անգամ երազախաբ կլինեն: Փոխարենը կտեսնեն, որ ես կշարունակեմ իմ պայքարն ու լավ արդյունքներ կստանամ: Իսկ նրանք այդ ամենից հետո կհայտնվեն «բուրիդանյան ավանակի» կարգավիճակում: Ֆրանսիացի փիլիսոփա Ժան Բուրիդանը ժամանակին ապացուցել է, որ եթե ավանակին կանգնեցնում ես երկու խոտի դեզերից հավասար հեռավորության վրա, նա չի կողմնորոշվում աջ գնա, թե` ձախ:
Ըստ Ձեզ, ովքեր են այդ գործիչները, որոնք հայտնվելու են «բուրիդանյան ավանակի» կարգավիճակում:
Ես էլ չգիտեմ, թե ովքեր են նման բաներ տարածքում: Ես պարզապես ցանկանում եմ ասել, որ ով նման բան է տարածում, նա կհայտնվի այդ ավանակի կարգավիճակում: Ավելին` ես Գյումրիում եմ եւ հիվանդ էլ չեմ, որ ասում են հիվանդ եմ:
Այսինքն` Հեղինե Բիշարյանը ճիշտ չի՞ ասում, որ Դուք հիվանդ պառկած եք: Նա ասել էր, որ Դուք գրիպով հիվանդ եք եւ պառկած եք:
Մարդիկ ասում են հիվանդ, ես ասում եմ վատառողջ: Ես միշտ վատառողջ բառն եմ օգտագործում: Ես հիվանդ չեմ եղել, վատառողջ եմ եղել: Գյումրիում ես իմ կուսակցական գործերն եմ կատարում եւ 9 տարվա մեջ առաջին դեպքն է, երբ ես նիստից բացակայել եմ: Այդքանը, ուրիշ բան չկա:
Իսկ կուսակցությունում մեծամասնական կամ համամասնական ընտրական ցուցակների հարցը քննարկվե՞լ է:
Ես Գյումրում բավականին ակտիվ նախապատրաստական աշխատանքներ եմ կատարում մեծամասնական ընտրակարգով մասնակցելու համար:
Այսինքն` Դուք հաստատ առաջադրվելո՞ւ եք:
Դե ես ասացի, որ ես նախապաատսրտվում եմ, ամեն ինչ նորմալ է: 2 անգամ իմ կուսակցությունը ինձ առաջադրել է: Մարտի 3-ին մեր համագումարն է եւ այդ օրն էլ կանդրադառնանք այդ հարցին: Այդ օրը սարերի հետեւում չէ:
ՕԵԿ-ից Գագիկ Բաղդասարյանի հեռացումից հետո, խոսակցություններ կան, որ ՕԵԿ-ում մթնոլորտը լարված է: Առաջիկայում կուսակցությունից նոր հեռացումներ կլինե՞ն:
Չեմ կարծում, որ նման բան կլինի: Կուսակցության մթնոլորը փայլուն է: Մեր բոլոր ընկերները սկզբունքային են ու ակտիվ:
Զրուցեց Տաթեւ Մեսրոպյանը




























