ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ընդամենը երկու ամիս անց՝ ապրիլի առաջին շաբաթվա ընթացքում, կմեկնի Պեկին՝ Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հետ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։ Այս մասին հայտնում է Politico-ն։
Համապատասխան տեղեկատվությունը պարբերականին հայտնել են նախագահի ծրագրերին ծանոթ երեք աղբյուրներ։ Իր հերթին Սպիտակ տան ներկայացուցիչը հայտարարել է, որ ուղևորության ժամկետները դեռևս հստակեցված չեն։
Ի դեպ, 2025 թվականի հոկտեմբերին Հարավային Կորեայում կայացած գագաթնաժողովից հետո Թրամփն արդեն հայտարարել էր, որ մտադիր է ապրիլին այցելել Չինաստան։
Հարկ է նաև նշել, որ անցյալ շաբաթ երկու առաջնորդները հեռախոսազրույց են ունեցել։ Politico-ն կարծում է, որ այդ զրույցը նախապատրաստություն է եղել նոր այցի համար։ Զրույցի ընթացքում քննարկվել են տարբեր հարցեր՝ սկսած առևտրային խնդիրներից մինչև արտաքին հակամարտություններ։
Պաշտոնական աղբյուրների տվյալներով՝ Թրամփն ասել է, որ զրույցի ընթացքում Սիի հետ քննարկել են Թայվանի հարցը՝ մի թեմա, որին առաջնորդները չէին անդրադարձել 2025 թվականի հոկտեմբերին Հարավային Կորեայում կայացած իրենց հանդիպման ժամանակ:
Այսպիսով, սա կարող է վկայել այն մասին, որ Թայվանի հարցը կարող է բարձրացվել այս գարնանը կայանալիք բանակցությունների ընթացքում և դառնալ լարվածության կարևոր կետ գագաթնաժողովի նախաշեմին:
«Սի Ծինփինն ընդգծել է, որ թայվանյան հարցը չին-ամերիկյան հարաբերությունների կարևորագույն խնդիրն է։ Թայվանը Չինաստանի տարածքն է։ Չինաստանը պետք է պաշտպանի իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և երբեք թույլ չի տա Թայվանի անջատումը։ ԱՄՆ-ն պետք է զգուշությամբ մոտենա Թայվանին զենքի վաճառքի հարցին»,- հայտարարել են Չինաստանի ԱԳՆ-ում։
Politico-ն նշում է, որ առաջիկա գագաթնաժողովը կարող է դառնալ երկու առաջնորդների՝ 2026 թվականի չորս հանդիպումներից առաջինը։ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտի խոսքով՝ Սին կարող է այցելել Թրամփին ամռանը՝ Վաշինգտոնում կամ Մար-ա-Լագոյում։ Առաջնորդները կարող են հանդիպել նաև Մայամիում կայանալիք G20 գագաթնաժողովի շրջանակներում, ինչպես նաև Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ/APEC) համաժողովին Շենժենում (Չինաստան)։





























