Վրաստանի դատախազությունը երիտասարդ ուսուցիչ Գիգա Ավալիանիի մահվանն առնչվող քրեական գործով ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրել խմբային բռնության այլ դեպքերին մասնակցելու համար։ Որոշման մասին Թբիլիսիի դատախազ Գիորգի Միկայան հայտարարել է դատախազությունում անցկացված ճեպազրույցի ժամանակ, հաղորդում է Грузия Online-ը։

Դատախազի տվյալներով՝ խոսքը բռնության ևս չորս դեպքի մասին է։

Դատախազությունը հրապարակում է նաև Գիգա Ավալիանիի գործով մեղադրյալներ Ալեքսանդր Գաբաշվիլիի, Գիորգի Ռիկաձեի և Դիմիտրի Չիկովանիի մասնակցությամբ խմբային բռնության այլ դեպքերի տեսագրությունները։ Դա ներառում է դատախազության հրապարակած կադրեր, որտեղ Ալեքսանդր Գաբաշվիլին երևում է տարբեր զենքերով։

Գիորգի Ռիկաձեն և Դիմիտրի Չիկովանին ներգրավված են բռնության բոլոր չորս դեպքերում։ Ալեքսանդր Գաբաշվիլին ներգրավված է միջադեպերից երկուսում։

Ինչպես նշվեց գերատեսչության ճեպազրույցի ժամանակ, բռնության դեպքերից մեկը պատկերող տեսանյութը պահվել է Գիորգի Ռիկաձեի և Դեմետրի Չիկովանիի բջջային հեռախոսներում։

Հիշեցնենք, որ 26-ամյա ուսուցիչը մահացել էր հիվանդանոցում անցյալ տարվա հոկտեմբերին՝ դեռահասների խմբի կողմից դաժան ծեծի ենթարկվելուց հետո։

Ըստ հասանելի տեղեկությունների՝ ընդհարման պատճառ է նշվում խանդը։