Նիդեռլանդների ոստիկանությունը երեքշաբթի հայտարարել է, որ TikTok-ում «Իսլամական Պետության» քարոզչություն տարածելու կասկածանքով 15 անձի է ձերբակալել՝ մեղադրելով նրանց «ուրիշներին ահաբեկչական հանցագործություններ կատարելու դրդելու» փորձի մեջ, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։
Ոստիկանությունը 2025 թվականի օգոստոսին սկսված հետաքննությունից հետո ամբողջ երկրում հետախուզում է սկսել 16-53 տարեկան կասկածյալների նկատմամբ։
Դատախազության հայտարարության մեջ ասվում է, որ հոլանդերենով ենթագրերով «Իսլամական Պետություն» ահաբեկչական կազմակերպության քարոզչությունը «ներառում էր պայքարին միանալու կոչեր և նահատակության փառաբանում»։
Իշխանությունները հավելել են, որ TikTok-ի որոշ գրառումներ դիտվել են ավելի քան 100 հազար անգամ։ Ձերբակալվածները կասկածվում են «ահաբեկչական հանցագործություն կատարելուն դրդելու, «Իսլամական Պետության» քարոզչություն տարածելու և/կամ ահաբեկչական կազմակերպությանը մասնակցելու» մեջ, հայտնել է ոստիկանությունը։
Կասկածյալներից տասներեքը Սիրիայի քաղաքացիներ են։ Մնացած երեքը հոլանդացիներ են։ Կասկածյալներից չորսն անչափահասներ են։
«Քարոզչության փառաբանումն ու տարածումը զգալիորեն խաթարում է հասարակական անվտանգությունը»,- հայտարարել է ոստիկանությունը՝ հիշեցնելով, որ «Իսլամական Պետության» քարոզչության հրապարակումը քրեական հանցագործություն է։
Իշխանությունները չեն բացառել հետաքննության ընթացքում հետագա ձերբակալությունների հնարավորությունը։




























