Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի եղբայրը՝ Էնդրյու Մաունթբեթեն-Վինձորը, թագավորական ընտանիքին 12 միլիոն ֆունտ ստեռլինգ (16,3 միլիոն դոլար) է պարտք, որը նա օգտագործել է ամերիկուհի Վիրջինիա Ջուֆրեին լռեցնելու համար։ Այս մասին հայտնել է The Sun թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ջուֆրեն մեղադրանքներ էր ներկայացրել արքայազն Էնդրյուի դեմ՝ հայտարարելով, որ նա այն տղամարդկանց թվում է, որոնց հետ իրեն 17 տարեկան հասակում հարկադրել են սեռական հարաբերություն ունենալ։

Սկանդալը հարթելու համար, պարբերականի տվյալներով, Էնդրյուն իր մորից՝ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ից (1926-2022), պարտքով 7 միլիոն ֆունտ է վերցրել, իսկ նրա ամուսնու՝ Էդինբուրգի դուքս արքայազն Ֆիլիպի (1921-2021) հիմնադրամից՝ 3 միլիոն ֆունտ։ Եղբայրը նրան տվել է ևս 1,5 միլիոն ֆունտ, իսկ մնացած մասը լրացրել են թագավորական ընտանիքի այլ անդամներ։

Սակայն մինչ օրս, ըստ աղբյուրի խոսքերի, «Էնդրյուն ոչ մի լումա չի վերադարձրել»։

2019 թվականին Էնդրյուն ստիպված է եղել հրաժարվել թագավորական ընտանիքի անդամի պաշտոնական պարտականությունների կատարումից՝ ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործով հարուցված սկանդալի պատճառով։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Ջուֆրեն մեղադրանքներ է ներկայացրել արքայազնի դեմ՝ հայտարարելով, որ նա այն տղամարդկանց թվում է եղել, որոնց հետ իրեն 17 տարեկան հասակում հարկադրել են սեռական հարաբերություն ունենալ։

2022 թվականին Եղիսաբեթ II թագուհու որոշմամբ արքայազնը զրկվել է պատվավոր զինվորական կոչումներից և մի շարք հասարակական կազմակերպությունների հովանավորի դերից։ 2025 թվականի հոկտեմբերի 17-ին Էնդրյուն հայտարարել է, որ կդադարի օգտագործել Յորքի դուքս տիտղոսը։ Հոկտեմբերի 30-ին Բուքինգհեմյան պալատը հայտնել է, որ Էփշտեյնի հետ նրա ընկերության մասին նոր հրապարակումների ֆոնին նա կզրկվի նաև «արքայազն» տիտղոսից, որը ստացել էր ի ծնե։

Երկար տարիներ Էնդրյու Մաունթբեթեն-Վինձորը հերքել է Ջուֆրեի մեղադրանքները։ Սակայն այն բանից հետո, երբ կինը ԱՄՆ-ում նրա դեմ հայց է ներկայացրել, բրիտանական թագավորական ընտանիքի անդամը գնացել է վեճի արտադատարանական կարգավորման՝ ամերիկուհուն փոխհատուցում վճարելով։