Ֆիլիպիններում մահացել է 51-ամյա ֆուդ-բլոգեր Էմմա Ամիթը, ով կերել էր երկրում ամենաթունավորը համարվող «սատանայական խեցգետինը»։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Ամիթն ընկերների հետ մեկնել է մանգրային անտառներ, որտեղ խեցգետիններ ու մոլյուսկներ է որսացել։ Նա պատրաստել է դրանք կոկոսի կաթի մեջ՝ ողջ ընթացքը տեսանկարահանելով իր բլոգի համար։ Ճաշից հետո ընկերները գնացել են իրենց տուն։

Շուտով կնոջ ինքնազգացողությունը վատացել է. նա տանը ուշագնաց է եղել, սկսվել են ցնցումներ, իսկ շուրթերը կապտել են։ Էմմային տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։ Բժիշկները ստուգում են նաև նրա ընկերների առողջական վիճակը, սակայն նրանց հետ ամեն ինչ կարգին է։

Ոստիկանությունը, հետաքննելով մահվան հանգամանքները, ուտելիքի պատրաստման վայրում հայտնաբերել է սատանայական խեցգետնի զրահներ։ Դրանց միսը պարունակում է հզորագույն նեյրոտոքսիններ (տետրոդոտոքսին և սաքսիտոքսին), որոնք չեն քայքայվում նույնիսկ եփելիս։

Համայնքապետ Լեդդի Գեմանգը նշել է, որ բլոգերը փորձառու ձկնորս է եղել և պետք է իմանար խեցգետնի թունավոր լինելու մասին։ «Այդ դեպքում ինչո՞ւ նա կերավ այն։ Ահա թե ինչն է ինձ զարմացնում», — ասել է նա։

Սատանայական խեցգետինը (Zosimus aeneus) բնակվում է մարջանյան խութերում և հեշտությամբ ճանաչելի է բաց գույնի զրահի վրա առկա շագանակագույն բծերով։ Թե՛ միսը, թե՛ զրահը համարվում են ծայրահեղ թունավոր։