ԱՄՆ պաշտոնյաները հետաքննել են Նորվեգիայում իրականացված մի գիտափորձ, որի մասին նախկինում չէր հաղորդվել։ Գիտափորձի ընթացքում կառավարական գիտնականը փորձարկել է միկրոալիքային սարք, ինչից հետո նրա մոտ զարգացել են նյարդաբանական ախտանիշներ, որոնք նման են այսպես կոչված «Հավանայի սինդրոմին»։ Այս մասին գրում է The Washington Post-ը՝ հղում անելով հարցին իրազեկ աղբյուրներին։
Նորվեգիան տեղեկացրել է Կենտրոնական հետախուզական վարչությանը միջադեպի մասին, ինչը հանգեցրել է Պենտագոնի և Սպիտակ տան ներկայացուցիչների առնվազն երկու այցի, հայտնում է պարբերականը:
Թեստի արդյունքներին ծանոթ աղբյուրները հայտարարել են, որ ստացված տվյալները չեն ապացուցում, թե ամերիկացի դիվանագետներն ու հետախույզները եղել են օտարերկրյա հակառակորդի թիրախում:
Միևնույն ժամանակ, դրանք ցույց են տվել, որ իմպուլսային էներգիայով աշխատող սարքերը կարող են ազդել մարդու անատոմիայի վրա։




























