1979թ. փետրվարի 18-ին Սահարա անապատում՝ Ալժիրի քաղաքներից մեկի մոտ, ձյուն է տեղացել։ Սա Սահարայի այս հատվածում ձյան տեղումների պաշտոնապես արձանագրված առաջին դեպքն էր։ Բքի տևողությունը եղել է մոտ 30 րոպե, սակայն դա լիովին բավական էր տարածաշրջանի տրանսպորտային հաղորդակցությունը կաթվածահար անելու համար։
Focus կայքը հավաքել է այն երևույթների ցանկը, երբ երկնքից ավելի տարօրինակ բաներ են թափվել, քան Սահարայի ձյունն է։
Հում միս
2012թ. Վիրջինիայում երկնքից թռչնի մսի մի քանի կտոր է ընկել, որոնցից մեկը վայր է ընկել դեռահասի գլխին՝ հեծելարշավի դասի ժամանակ։ Ըստ փորձագետների՝ «մեղավորը» որորն է եղել։ Միևնույն ժամանակ, եղնիկի կամ ոչխարի միս փսխող անգղերը դարձել են 1876 թվականի իրադարձության պատճառը, որն այժմ հայտնի է որպես «Կենտուկիի մսային անձրև»։
Ձուկ
Սովորաբար ձկներին «որսում» են ջրային պտտահողմերը և վայր նետում ամբողջական վտառներով։ Նմանատիպ մի բան տեղի է ունեցել Տեխաս նահանգի Տեքսարկանա քաղաքում 2021 թվականին։ Ձկնային անձրև է տեղացել նաև ավստրալական Լաջամանու քաղաքում 2010 թվականին։ Ձկների ամենամյա տեղումներ կարելի է տեսնել Հոնդուրասի Յորո դեպարտամենտում։ Այնտեղ մարտից հուլիս ամիսներին ուժեղ ամպրոպներ են լինում, որոնցից հետո քաղաքների փողոցներում կարելի է հարյուրավոր սատկած ձկներ գտնել։
Արյունոտ անձրև
Հնդկաստանի Կերալա նահանգում արյան գույն ունեցող անձրև է տեղացել։ Դա տեղի է ունեցել 2001 թվականին և մինչև օրս դա գիտնականների համար հանելուկ է մնում։ Որոշ փորձագետներ ենթադրում էին, որ անձրևաջուրը ներկվել է կարմիր փոշու կամ սնկերի սպորների պատճառով։ Ոմանք էլ կարծում էին, թե դրանք արտերկրային միկրոբներ են, թեև այս տեսությունը որևէ հաստատում չունի։
Գորտեր
Ինչպես ձկների վտառները, գորտերը ևս հաճախ դառնում են ջրային պտտահողմերի վերընթաց օդային հոսանքների թիրախ։ Բնական նման երևույթները կարող են գորտերին տեղափոխել շատ կիլոմետրեր։ Հենց այդպես 2009 թվականին կենտրոնական Ճապոնիայում քաղաքացիների գլխին հարյուրավոր շերեփուկներ են թափվել։
Շնաձկներ
2012թ. Հարավային Կալիֆոռնիայի գոլֆի դաշտի 12-րդ փոսիկի մոտ լեոպարդային շնաձուկ է ընկել։ Աշխատակիցները գտել են նրան և տեղափոխել օվկիանոս, որտեղ բարեհաջող բաց են թողել։ Ականատեսներն ասում են, որ շնաձկան վրա (որի մարմնի երկարությունը հազվադեպ է անցնում 1 մետրը) երևացել են ծակած վերքեր։ Ուստի փորձագետները ենթադրել են, որ փոքրիկ շնաձկանը երկինք է բարձրացրել գիշատիչ թռչունը, որն էլ նրան վայր է գցել գոլֆի դաշտի վրա։
Որդեր
2011թ. Կովենտրի քաղաքում (Անգլիա) ֆիզկուլտուրայի դասի ժամանակ ուսանողների խմբի վրա 120 որդերից բաղկացած կծիկ է ընկել։ Ըստ փորձագետների՝ որդերին կարող էին բերած լինել ջրային պտտահողմերը կամ քամին, թեև այդ օրը եղանակն արևոտ էր և անհողմ։
Գոլֆի գնդակներ
Տասնյակ գոլֆի գնդակներ են թափվել Ֆլորիդայի Պունտա Գորդա քաղաքում 1969 թվականին։ Փորձագետները կարծում են, որ դրա պատճառը գոլֆի դաշտերի վրայով անցած մրրիկներն են եղել, որոնք բարձրացրել են գնդակները։ Ինչպես հայտնի է, այդ տարածաշրջանում բավականին շատ գոլֆի դաշտեր կան։
Փող
Գերմանիայի արևմուտքում գտնվող Վորմս քաղաքում 2007 թվականին «փողային անձրև» է տեղացել։ Գերմանուհին իր մեքենայի հետին հայելու մեջ փողերից կազմված ամպ է տեսել։ Մեքենայից դուրս գալով՝ աղջիկը հավաքել է թղթադրամները և ներկայացել ոստիկանություն։ Մինչև օրս հանելուկ է, թե որտեղից էր հայտնվել այդ ամպը։ Դեպքից անմիջապես հետո Վորմսի վարչակազմի ղեկավարը հայտարարեց, որ ոստիկանությունը զերծ է մնում դեպքի ճշգրիտ վայրը և գումարի չափը նշելուց։ Իրավապահները փորձել են պարզել փողերի ծագումը, բայց, ըստ ամենայնի, այդպես էլ չեն կարողացել։
Սարդեր
Չնայած սարդերը թռչել չգիտեն, դրանք պարբերաբար ընկնում են մարդկանց գլխին։ Ամենից հաճախ դա տեղի է ունենում Բրազիլիայի հարավ-արևելքում։ Բանն այն է, որ այդ տարածաշրջանում ապրում են Parawixia bistriata տեսակի սարդեր։ Այս տեսակի երիտասարդ առանձնյակները զբաղվում են «օդագնացությամբ»։ Այլ կերպ ասած՝ միջատները սարդոստայն են հյուսում, որպեսզի քամու միջոցով տեղափոխվեն նոր բնակավայրեր փնտրելու (հաճախ՝ շոգ և խոնավ եղանակից հետո)։
Ցեխ
Փենսիլվանիա նահանգից Ջ. Ու. Մուրը Science ամսագրի խմբագիրներին գրել է, որ 1902 թվականի ապրիլին ցեխային անձրևի ականատես է եղել։ Ինչպես պարզվել է, ցեխային անձրևն առաջացել է սովորական անձրևից, որն սկսվել է փոշու փոթորկից անմիջապես հետո։ Նմանատիպ մի բան կրկնվել է նույն թվականին Նոր Զելանդիայում։ Այն ժամանակ ականատեսները հայտնել են, որ գնացքը բախվել է կարմիր ցեխից պատրաստված պատին։