Իսպանական դատարանը գործատուին պարտավորեցրել է 55 հազար դոլար փոխհատուցում վճարել այն աշխատակցին, ում աշխատանքի ժամանակ ալկոհոլ օգտագործելու համար հեռացրել էին աշխատանքից։ Ինչպես հայտնում է Oddity Central-ը, դատարանը նման պատիժը համարել է անհամաչափ։
Ըստ գործի նյութերի՝ էլեկտրամոնտաժային ընկերության աշխատակիցն իր վարքով գրավել էր տնօրինության ուշադրությունը։ Գործատուն մասնավոր դետեկտիվ էր վարձել, ով հետևել էր աշխատողին և արձանագրել, թե ինչպես է նա ալկոհոլ խմում բարերում ու ավտոկայանատեղիներում։ Զեկույցի համաձայն՝ դեպքերից մեկի ժամանակ տղամարդը ճաշի ընդմիջմանը խմել էր մոտ երեք լիտր գարեջուր։
Ընկերությունը սա համարել էր կարգապահական լուրջ խախտում՝ հաշվի առնելով, որ աշխատակիցը վարել է ծառայողական մեքենա, և խզել է նրա հետ պայմանագիրը։ Սակայն տղամարդը դատարանում բողոքարկել է հեռացումը՝ պնդելով, որ այն անօրինական է։
Դատարանը աշխատանքից ազատումը ճանաչել է անարդարացի և նշել, որ կիրառված պատժամիջոցը չափազանց խիստ է եղել: Գործատուին առաջարկվել է կա՛մ վերականգնել աշխատակցին իր պաշտոնում, կա՛մ վճարել նրան 55 հազար դոլարի չափով փոխհատուցում: Որոշում կայացնելիս դատարանը հաշվի է առել, որ ճաշի ընդմիջումը ձևականորեն չի համարվում աշխատաժամանակ, հետևաբար այդ ընթացքում ալկոհոլի օգտագործումը չի կարող ինքնաբերաբար համարվել ծառայողական խախտում:
Բացի այդ, ընկերությունը չի ներկայացրել ապացույցներ այն մասին, որ աշխատակցի գործողություններն ազդել են պարտականությունների կատարման որակի վրա կամ անվտանգության սպառնալիք են ստեղծել: Դատարանը նաև նշել է, որ իսպանական աշխատանքային օրենսդրությունը թույլ է տալիս աշխատանքից ազատել հարբեցողության համար միայն հաստատված համակարգային կախվածության առկայության դեպքում: Արձանագրված դեպքերը ճանաչվել են եզակի, ինչը լրացուցիչ փաստարկ է դարձել հօգուտ հայցվորի:




























