ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի վերջին այցը Հարավային Կովկասի երկրներ մեծ ուշադրություն գրավեց տարածաշրջանում: Սակայն նշանակալի էին ոչ միայն նրա այցելությունները, այլեւ այն, թե ուր չայցելեց նա: Վենսն այցելեց Բաքու եւ Երեւան, սակայն Թբիլիսին մնաց մի կողմում: Այս փաստը խորհրդանշում է, թե ինչպես է Վաշինգտոնի դիրքորոշումը Վրաստանի նկատմամբ փոխվել վերջին տարիներին, հաղորդել է Carnegie Russia Eurasia Center-ը։
Առաջ Վրաստանը համարվում էր ԱՄՆ հիմնական գործընկերներից մեկը հետխորհրդային տարածքում, ժողովրդավարության փարոս եւ հաջող քաղաքական զարգացման օրինակ: Սա Թբիլիսիին հատուկ կարգավիճակ տվեց Արեւմուտքում եւ ապահովեց Վաշինգտոնի աջակցությունը: Այսօր իրավիճակն այլ է. Վրաստանը կորցրել է հեղինակությունը որպես մոդելային ժողովրդավարություն եւ չի կարողացել ԱՄՆ-ին առաջարկել խոշոր նախագծեր, որոնք կարող էին մրցակցել այն նախաձեռնությունների հետ, որոնք Միացյալ Նահանգները զարգացնում է Հայաստանում եւ Ադրբեջանում:
Թբիլիսիի բացակայությունն այս խոշոր դիվանագիտական միջոցառման օրակարգում հարցեր է առաջացնում։ Միացյալ Նահանգները Հայաստանը եւ Ադրբեջանը ներառել է այսպես կոչված «Խաղաղության խորհրդում», որտեղ նրանք քննարկում են համագործակցության եւ տարածաշրջանային նախագծեր։ Վրաստանը չի ներառված, քննարկվող համաձայնագրերը նպատակ ունեն ամրապնդել կապերը Հարավային Կովկասի մյուս երկրների հետ էներգետիկայի, անվտանգության եւ ենթակառուցվածքների ոլորտներում։
Վաշինգտոնում նման զարգացման պատճառներից մեկը ԱՄՆ արտաքին քաղաքականության տրամաբանության փոփոխությունն է։ Եթեռ ամերիկյան վարչակազմը նախկինում կենտրոնացած էր ժողովրդավարական արժեքների եւ քաղաքական բարեփոխումների խթանման վրա, այժմ շեշտը տեղափոխվում է կոնկրետ տնտեսական եւ ռազմավարական գործարքների վրա, որոնք արագ եւ շոշափելի արդյունքներ են տալիս։ Այս պայմաններում ավելի մեծ ուշադրության են արժանանում այն երկրները, որոնք պատրաստ են առաջարկել շոշափելի էներգետիկ, լոգիստիկ կամ աշխարհաքաղաքական օգուտներ ունեցող նախագծեր։
Դա շահեկան է Հայաստանին, որն ամրապնդում է կապերն Արեւմուտքի հետ եւ ձգտում է նվազեցնել կախվածությունը Ռուսաստանից, եւ Ադրբեջանին, որը տիրապետում է ռազմավարական ռեսուրսների եւ ներկայանում է որպես գործընկեր տարածաշրջանով անցնող խոշոր տրանսպորտային երթուղու զարգացման գործում: Միեւնույն ժամանակ, Վրաստանը հայտնվել է դժվարին իրավիճակում. ներքաղաքական խնդիրները եւ ԱՄՆ «գաղափարական նախագծի» կարգավիճակի կորուստը խանգարում են նրան վերականգնել նախկին դիրքը Վաշինգտոնի հետ հարաբերություններում։
Մասնագետների կարծիքով՝ ԱՄՆ հետաքրքրությունը վերականգնելու համար Վրաստանը պետք է ոչ միայն բարելավի իր վիճակը ժողովրդավարության եւ օրենքի գերակայության հարցում, այլեւ առաջարկի Վաշինգտոնին նշանակալի նախագծեր, որոնք կարող են ամրապնդել ռազմավարական համագործակցությունը: Նման նախաձեռնություններ ներկայում բացակայում են, եւ վրաց-ամերիկյան հարաբերությունների ապագան մնում է անորոշ։





























