Կառավարությունն առաջարկել է Ռուսաստանում ստեղծված արհեստական բանականության (ԱԲ) մոդելները բաժանել «սուվերեն» եւ «ազգային» մոդելների՝ ԱԴԾ-ում եւ Տեխնիկական եւ արտահանման վերահսկողության դաշնային ծառայությունում (ՏԱՎԴԾ) պարտադիր հավաստագրմամբ, գրել է «Коммерсантъ»-ը՝ հղում կատարելով օրենքի նախագծին։
Փաստաթղթի համաձայն՝ մոդելը կհամարվի «սուվերեն», եթե մշակման եւ շահագործման բոլոր փուլերը Ռուսաստանում իրականացվել են ռուսական ընկերությունների եւ քաղաքացիների կողմից։ Բացի այդ, այն պետք է վերապատրաստվի բացառապես երկրում ստեղծված տվյալների բազաների վրա՝ առանց օտարերկրյա բաղադրիչների օգտագործման։ «Ազգային» մոդելները կկարողանան օգտագործել օտարերկրյա բաց կոդով լուծումներ եւ տվյալների բազաներ, բայց նաեւ պետք է պարտադիր հավաստագրում անցնեն։
Կառավարությունն առաջարկում է Ռուսաստանի բոլոր սմարթֆոնների եւ պլանշետների վրա նախապես տեղադրել երկու մոդելների հասանելիություն ունեցող ծրագրեր: Օրինագծում նաեւ ներմուծվում է «վստահելի» ԱԲ մոդելների հայեցակարգը, որոնք նախատեսված են կարեւոր տեղեկատվական ենթակառուցվածքների հետ աշխատելու համար: Դրանց անվտանգությունը կստուգվի եւ կհաստատվի ԱԴԾ-ի եւ ՏԱՎԴԾ-ի կողմից: Կառավարությունը կորոշի «հուսալիության» չափանիշները: Ավելին, փաստաթուղթը պահանջում է տեղեկացնել օգտատերերին ԱԲ հետ փոխազդեցությունների մասին եւ պիտակավորել սինթեզված բովանդակությունը:
Մեկնաբանելով նախաձեռնությունը՝ խոշոր IT-ընկերությունում պարբերականի աղբյուրը հայտնել է, որ այսօր լիովին «սուվերեն» ԱԲ լուծումներ գոյություն չունեն. բացարձակապես բոլոր ռուս մշակողներն օգտագործում են արտասահմանյան բաց կոդով գործիքներ եւ գրադարաններ: MWS AI-ի գնահատմամբ՝ համաշխարհային մակարդակի մոդել զրոյից ստեղծելը կպահանջի «հարյուր միլիարդավոր ռուբլիներ», ընդ որում՝ «առանց համեմատելի որակի երաշխիքների»:
Ընկերությունը մտավախություն ունի, որ տեղայնացման եւ հավաստագրման խիստ պահանջները կհանգեցնեն ԱԲ արտադրանքի գների բարձրացման, տեխնոլոգիական բացի ավելի լայնացման եւ տաղանդների կորստի՝ հաշվի առնելով, որ ԱԲ ոլորտում համաշխարհային մրցակցությունը կառուցված է բաց կոդով լուծումների օգտագործման եւ դրանց ներդրման արագության, այլ ոչ թե մեկուսացման վրա: MWS AI-ն ընդգծել է, որ ներքին ընկերությունները ռիսկի են դիմում գումար վատնել «մոդելային մրցավազքի» վրա՝ համաշխարհային մակարդակի բաց կոդով արտադրանքում ներդրումներ կատարելու փոխարեն, որոնք արդեն իսկ ունեն ուժեղ տեխնոլոգիաներ եւ կարող են հաղթել կիրառման, այլ ոչ թե մասշտաբի միջոցով:
Թվայնացման նախարարությունում հայտնել են, որ «Ռուսաստանի Դաշնությունում «Արհեստական բանականության մասին» օրենքի նախագիծը ներկայում միջգերատեսչական քննարկումների փուլում է: Նախատեսվում է, որ այն ուժի մեջ կմտնի 2027թ. սեպտեմբերի 1-ից:
Նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի վաղ պահանջել էր ստեղծել «սուվերեն» ԱԲ մոդել՝ հիմնված ռուսական մշակույթի, պատմության, լեզվական հարստության եւ «ավանդական արժեքների» վրա։ Նա հայտարարել էր, որ ուրիշների լուծումների պատճենումը «հանգեցնում է տեխնոլոգիական եւ գաղափարախոսական կախվածության»։ Փետրվարի 26-ին Պուտինը հրամանագիր է ստորագրել արհեստական բանականության զարգացման հանձնաժողով ստեղծելու մասին եւ նշանակել դրա 13 անդամի, այդ թվում՝ ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովին եւ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովին։




























