Վանաձորում թիվ 30 ընտրատարածքում առաջիկա խորհրդարանական ընտրություններին ծանր պայքար է սպասվում: Մեր տեղեկություններով, այս ընտրատարածքում առաջադրվելու մտադրություն ունեն միանգամից մի քանի «ծանրքաշայիններ»:

Թիվ 30 ընտրատարածքից այս գումարման ԱԺ-ում պատգամավորը Վիկտոր Դալլաքյանն է, ով հայտնի է իր բուռն օրինաստեղծ աշխատանքով: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Դալլաքյանը նշեց, որ դեռ չի որոշել` առաջադրվելո՞ւ է, թե` ոչ:

Դալլաքյանը 2007թ. ծանր պայքարում հաղթանակ էր տարել հայտնի գործարար, Վահրամ Բաղդասարյանի դեմ: Բաղդասարյանը նախորդ ընտրություններում ստացել էր 13,1, իսկ Դալլաքյանը` 14,82 հազար ձայն: Վահրամ Բաղդասարյանը համարվում է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի մտերիմը, ժամանակին կուսակցություն էր ուզում ստեղծել, սակայն կուսակցաշինության գործը տապալվեց, իսկ Բաղդասարյանը պատգամավոր չդարձավ:

Այս անգամ էլ երկու թեկնածուները մտադիր են բուռն պայքար մղել իրար դեմ: Նրանց խաղաքարտերը խառնելու հնարավորություն ունի մոսկվահայ գործարար, «Մատինյանի նշխար» ՍՊԸ տնօրեն Արմեն Սարուխանյանը, ով եւս, ըստ շրջանառվող լուրերի, մտադիր է առաջադրվել: Սարուխանյանը ամիսներ առաջ «ինքնառաջադրվել» էր Լոռիի մարզպետի համար, սակայն ի վերջո մարզպետ դարձավ Արթուր Նալբանդյանը: Արմեն Սարուխանյանն, ի դեպ, Վիկտոր Դալլաքայանի մորաքրոջ որդին է, սակայն զարմիկների միջեւ «սեւ կատու» է անցել դեռ 2003թ. ընտրություններից, երբ Արմեն Սարուխանյանը հանրապետական կուսակցության կողմից առաջադրվել էր Դալլաքյանի դեմ: