Կուբայի կառավարությունը հայտարարել է Վատիկանի հետ ձեռք բերված համաձայնության շրջանակներում երկրի բանտերում գտնվող 51 անձի ազատ արձակելու մտադրության մասին։ Այս մասին նշված է Կուբայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Որոշումը վերաբերում է այն բանտարկյալներին, ովքեր արդեն կրել են պատժի զգալի մասը և իրենց դրսևորել են դրական կողմից։

Ինչպես հայտնում են իրավապաշտպան խմբերը, մասնակի ազատ արձակման գործընթացն արդեն սկսվել է. նախկին բողոքի ցույցերի, այդ թվում՝ 2021 թվականի հուլիսի 11-ի իրադարձությունների ժամանակ ձերբակալված մի քանի քաղբանտարկյալներ դուրս են եկել բանտից՝ պայմանական վաղակետ ազատման սահմանափակ ռեժիմով, գրում է Ciber Cuba-ն։

Այս միջոցառումներն իրականացվում են շարունակվող սոցիալական հուզումների և տնտեսական դժվարությունների ֆոնին:

Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը հաստատել է, որ երկրի պաշտոնական ներկայացուցիչները բանակցություններ են վարում ԱՄՆ վարչակազմի հետ՝ նպատակ ունենալով նվազեցնել լարվածությունը և մեղմել տնտեսական շրջափակման հետևանքները, որոնք լրջորեն հարվածել են էներգետիկ հատվածին և պարենային անվտանգությանը, հայտնում է The Guardian-ը:

Վերջին ամիսներին բռնկված բողոքի ցույցերը կապված են սննդամթերքի և վառելիքի պակասի, էլեկտրաէներգիայի հաճախակի անջատումների և աճող տնտեսական ճնշման հետ: Բանտարկյալների ազատ արձակման մասին հայտարարությունը դիտարկվում է որպես կառավարության քայլ՝ ուղղված սոցիալական լարվածության նվազեցմանը և միջազգային ճնշման ներքո փոխզիջումների գնալու պատրաստակամություն ցուցադրելու փորձ: