Շաբաթ օրը վաղ առավոտյան Սեւ ծովում անօդաչու թռչող սարքը գրոհել է հունական «Մարան Հոմեր» լցանավը, հաղորդել է newsit.gr-ը։
Նույն աղբյուրի համաձայն՝ գրոհը, ենթադրաբար, իրականացվել է Ուկրաինայի կողմից, ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու ԱՄՆ որոշման Կիեւի արձագանքի շրջանակում։
Հարձակման հետեւանքով նյութական վնաս է հասցվել միայն նավի աջ կողմին, նավի անձնակազմը բաղկացած է 24 մարդուց, որոնցից 10-ը հույն են (մնացածը՝ 13 ֆիլիպինցի եւ մեկ ռումինացի)։
Անձնակազմի բոլոր անդամները առողջ են։ Նավը նավարկում է ավտոնոմ ռեժիմով, եւ շրջակա միջավայրի աղտոտում տեղի չի ունեցել։
Լցանավը պատկանում է Maran Tankers Management նավագնացային ընկերությանը, որը Angelikousis ընկերությունների խմբի մաս է կազմում։
Հարվածը հասցվել է այն ժամանակ, երբ նավը գտնվում էր Ռուսաստանի տարածքային ջրերից դուրս՝ սպասելով Նովոռոսիյսկում գտնվող Կասպյան խողովակաշարերի կոնսորցիումի (CPC) տերմինալ մուտք գործելու թույլտվության, որտեղ այն պետք է ստանար ղազախական նավթ։
«Այսօր առավոտյան Սեւ ծովում Նովոռոսիյսկի ափերի մոտ հունական դրոշի տակ նավարկող լցանավը ենթարկվել է գրոհի։ Լցանավի վրա գտնվում էին 24 նավաստի, որոնցից 10-ը հույն էին,նրանք լավ առողջական վիճակում են։ Նավը վարձակալվել էր Chevron-ի կողմից»,- ERTnews-ի հարցազրույցում ասել է Հունաստանի նավագնացության եւ կղզիների քաղաքականության նախարար Վասիլիս Կիկիլիասը։
«Կարծիք կա, որ այս հարվածը տարածաշրջանի երկրների կողմից երկրի վրա գործադրվող ճնշման մի մասն է եւ կարող է նաեւ կապված լինել ռուսական նավթի փոխադրումը մասնակիորեն մեկ ամսով թույլատրելու որոշման հետ։ Ես տեղեկացրել եմ վարչապետին եւ արտաքին գործերի նախարարին»,- ասել է նա։



























