«Գորիս» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արտակ Հակոբյանի նկատմամբ  ճնշում չի գործադրվում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ քրեակատարողական վարչության լրատվական վարչության պետ Գոռ Ղլեչյանը արձագանքելով այն լուրերին, թե վերջինս մեծ քանակությամբ դեղահաբեր է ընդունել, որ ինքնասպանություն գործի:

Հիշեցնենք, որ կողոպուտի, խարդախության ու շորթման համար ազատազրկման դատապարտված Արտակ Հակոբյանն այն անձն է, ում հորից 4 հազար կաշառք վերցնելու պահին ձերբակալվել էր «Գորիս» ՔԿՀ-ի պետի տեղակալ Մարեկ Հարությունյանը:

Գոռ Ղլեչյանի փոխանցմամբ, դատապարտյալի մոտ դեղահաբեր չեն կարող հայտնաբերվել, որովհետեւ քրեակատարողական հիմնարկում ամեն բան վերահսկվում է:

Նա նաեւ նշեց, որ Արտակ Հակոբյանը ազատազրկման է դատապարտվել 5 տարի 6 ամիս ժամկետով 2011թ-ի մարտի 29-ին: Մեղադրվել է 176 հոդվածի 1-ին մասով (կողոպուտ), 178 հոդվածի (խարդախություն) 2-րդ մասի` 1-3 կետերով, 179 հոդվածի (յուրացում կամ վատնում) 1-ին մասով, 182 հոդվածի (շորթում) 1-ին մասով, 285 հոդվածի 2-րդ մասով: Ա. Հակոբյանը նախկինում` 2004թ-2005թթ էլ է եղել ազատազրկման դատապարտված 175 հոդվածի (ավազակություն) 2-րդ մասի 1-4-րդ կետերով:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչություն) աշխատակիցները, փետրվարի 9-ին, կաշառք վերցնելու պահին ձերբակալել են Գորիսի քրեակատարողական հիմնարկի տնօրենի տեղակալ Մարեկ Հարությունյանին: Ոստիկանները նրան բերման են ենթարկել այն պահին, երբ Հարությունյանը դատապարտյալներից մեկի հորից 4 հազար դոլար կաշառք է վերցրել` դատապարտյալին հիվանդանոց տեղափոխելու համար:

Կաշառք վերցնելու պահին «Գորիս» ՔԿՀ-ի պետի տեղակալը, տեսնելով ոստիկաններին, փորձել է փախչել, որի հետեւանքով ընկել է ու կոտրել ոտքը:Նա այս պահին գտնվում է քաղաքացիական հիվանդանոցում, սակայն շուտով կտեղափոխվի «Դատապարտյալների հիվանդանոց»: