Պոռնկագրական նյութեր տարածող կայքերի հետ կապված Հայաստանում օրենսդրական դաշտը կարգավորված չէ, քրեաիրավական օրենսդրության մեջ դրանք արգելափակելու մեխանիզմներ եւ պատժամիջոցներ չկան: Այս մասին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Տիգրան Սիմոնյանը:
Ըստ այդմ, ՀՀ ցանկացած քաղաքացի` անկախ սեռից եւ տարիքից, կարող է մուտք գործել պոռնկագրական նյութեր պարունակող ցանկացած հայկական կամ արտասահմանյան կայք, այդ նյութերը ներբեռնելը եւ սեփական համակարգչում պահել, եթե, իհարկե, դա չի վերաբերում մանկական պոռնոգրաֆիային: Իրավաբանի խոսքով` մեզանում Քրեական օրենսգրքի 263 հոդվածով արգելվում է միայն պոռնկագրական նյութեր տարածելը, ինչը միջին ծանրության հանցագործություն է համարվում:
Մինչդեռ, Տիգրան Սիմոնյանի խոսքով, արտասահմանում օրենքներ կան, որոնք կարգավորում են պոռնկագրական նյութերի տարածումը եւ դիտումը: «Սովորաբար այդ կայքերը հատուկ մտնելու կարգ ունեն: Օրինակ` կախված երկրից` այդպիսի կայքեր կարող են մտնել միայն 18 կամ 21 տարին լրացած անձինք, պետք է դրա համար համապատասխան հայտ լրացնել, տվյալներ, քարտի կոդ եւ այլն»,- ասաց իրավաբանը:
Նման նյութեր տարածող կայքերը կարող են արգելափակել Ոստիկանության եւ Ազգային անվտանգության ծառայության համապատասխան վարչությունները, բայց նրանք դա կարող են անել միայն այն դեպքում, եթե դրա վերաբերյալ կա բողոք, նյութեր են նախապատրաստվում, քրեական գործ է հարուցվել եւ այլն:
Ինչ վերաբերում է պոռնկագրական նյութեր տարածող արտասահմանյան կայքերը Հայաստանում արգելափակելուն, ապա դրա համար եւս համապատասխան օրենսդրական դաշտ է պետք: Ընդ որում, նման նյութեր տարածելիս կապ չունի, թե որ տիրույթում են դրանք հայտնվում, կարեւորը հանցանքի կատարման վայրն է, թե որտեղից են դրանք գցում համացանց: «Քանի որ պոռնկագրական նյութեր տարածելը միջին ծանրության հանցագործությունն է, քրեական օրենքի գործողության իրական սկզբունքը չի կարող տարածվել դրա վրա, եւ արտասահմանյան պոռնկագրական նյութերի տարածումը չի կարող համարվել հանցագործություն ՀՀ Քրեական օրենսգրքով, եթե, իհարկե, այդ երկրներում տվյալ նյութերի տարածումը հանցագործություն չի համարվում»,- ասաց նա: Ինչ վերաբերում է դերասանուհի Անժելա Սարգսյանի պոռնկագրական լուսանկարները com տիրույթում հայտնվելուց հետո այդ կայքերի հնարավոր արգելափակմանը, հաշվի առնելով, որ Անժելա Սարգսյանն իր լուսանկարները տարածելու հարցով հայց է ներկայացրել դատարան, Տիգրան Սիմոնյանի խոսքով, դա հնարավոր է միայն միջազգային համապատասխան համագործակցության դեպքում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության Բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի կողմից 2011թ բացահայտված հանցագործությունների փաստով հարուցվել է 20 քրեական գործ, իսկ 2010 թվականին հարուցվել էր 15 քրեական գործ։
Հարցին, թե հարուցված քրգործերից քանի՞սն են կապված կոնկրետ անձանց հետ, մասնավորապես` նրանց վերաբերյալ պոռնոգրաֆիկ նյութեր տարածելու վերաբերյալ, ոստիկանությունից NEWS.am-ին հայտնել են. «2011 թվականին ՀՀ Քրեական օրենսգրքի 263 հոդվածով, այն է՝ «Պոռնկագրական նյութեր կամ առարկաներ տարածելը», հարուցվել է 3 քրեական գործ։ Մասնավորապես` տվյալ քրգործերից առաջինը կապված է հանրությանը հայտնի դերասանուհու վերաբերյալ պոռնկագրական նյութերի տարածման հետ, 2-ը՝ մասնավոր անձի կողմից սեփական պոռնկագրական բնույթի նկարներով սոցիալական կայքում հանդես գալու հետ եւ 3-ը նույնպես մասնավոր անձի կողմից ինտերնետային անհայտ կայքից ձեռք բերված տեսանյութերով սոցիալական կայքում հանդես գալու եւ տարածելու հետ»:
Պատրաստեց՝ Ինգա Մարտինյանը




























