Նավթի եւ ֆոնդային շուկաների որոշ կտրուկ տատանումները, որոնք կապված են Մերձավոր Արեւելքի հակամարտության շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հետ, կարող են պայմանավորված լինել ինսայդերական առեւտրով, նշել է Bloomberg-ը՝ հղում կատարելով բաժնետոմսերի տվյալների վերլուծությանը։

Գործակալությունը նշել է, որ մի շարք առեւտրականներ խոշոր գործարքներ են կատարել կարեւոր քաղաքական հայտարարություններից կարճ ժամանակ առաջ՝ ստանալով զգալի շահույթ։ Մասնավորապես, ապրիլի 7-ին՝ Դոնալդ Թրամփի կողմից Իրանում ժամանակավոր հրադադարի մասին հայտարարությունից ընդամենը մի քանի ժամ առաջ, գրանցվել են տասնյակ միլիոնավոր բարել ընդհանուր ծավալով նավթային գործարքներ։ Հայտարարությունից հետո նավթի գները կտրուկ անկում են գրանցել, մինչդեռ ֆոնդային ինդեքսները բարձրացել են։

Bloomberg-ի տվյալներով՝ նման իրավիճակ է նկատվել նաեւ մարտի 23-ին. Իրանի էներգետիկ ենթակառուցվածքին ԱՄՆ հարվածների հետաձգման մասին հայտարարությունից կարճ ժամանակ առաջ գրանցվել են միլիարդավոր դոլարների ընդհանուր ծավալով նավթային ֆյուչերսների եւ ինդեքսների խոշոր գործարքներ։ Նախագահի հայտարարությունից հետո նավթի գները նույնպես անկում են գրանցել, մինչդեռ բաժնետոմսերը բարձրացել են։

ԱՄՆ որոշ օրենսդիրներ նման համընկնումները կասկածելի են համարում եւ կոչ են անում հետաքննություն սկսել։ ԱՄՆ ապրանքային ֆյուչերսների առեւտրի հանձնաժողովն արդեն հետաքննություն է սկսել հնարավոր խախտումների վերաբերյալ։

Միեւնույն ժամանակ, ինչպես նշել է Bloomberg-ը, մինչ օրս Սպիտակ տան պաշտոնյաների ինսայդերական առեւտրին ներգրավվածության վերաբերյալ որեւէ ապացույց չի հայտնաբերվել։