Տվյալների մշակման կենտրոնները արհեստական բանականության հիմքն են և ապահովում են ամենատարբեր ծառայությունների աշխատանքը՝ արհեստական բանականության չաթ-բոտերին ուղղված հարցումներից մինչև տեսաոհոսքեր և ամպային տիրույթում պահվող ֆայլեր։

Դրանք խոշոր օբյեկտներ են, որտեղ զետեղվում են սերվերներ, պահոցային համակարգեր և ցանցային սարքավորումներ, որոնք օգտագործվում են տվյալների պահպանման, մշակման և տարածման համար։ Որքան շատ են տվյալների մշակման կենտրոնները, այնքան մեծ են արհեստական բանականության հնարավորությունները, գրում է Euronews-ը։ Ընդսմին, դրանք սպառում են հսկայական քանակությամբ էներգիա և մեծ հողատարածքներ են պահանջում։

Տվյալների կենտրոնների համաշխարհային ենթակառուցվածքի մեծ մասը կենտրոնացված է փոքր թվով երկրներում։ Cloudscene հարթակի տվյալներով, որոնց հղում է անում նաև զեկույցը, Ամերիկայի Միացյալ Նահանգները մեծ տարբերությամբ առաջատարն է՝ 2025 թվականի դրությամբ ունենալով 5427 տվյալների մշակման կենտրոն։ Դա ավելի քան տասն անգամ գերազանցում է ցանկացած այլ երկրի ցուցանիշը, ինչն ակնհայտորեն ցույց է տալիս ԱՄՆ-ի առաջատարության մասշտաբը։

ԱՄՆ-ին հաջորդում են եվրոպական երկու խոշոր տնտեսություններ՝ Գերմանիան (529) և Միացյալ Թագավորությունը (523)։ Հատկանշական է, որ նրանք առաջ են անցնում Չինաստանից, որտեղ գտնվում է 449 տվյալների մշակման կենտրոն՝ չնայած տեխնոլոգիական և նորարարական տերության նրա հզոր դիրքերին։

Կանադան (337), Ֆրանսիան (322) և Ավստրալիան (314) նույնպես այն երկրների թվում են, որտեղ հաշվառվում է ավելի քան 300 տվյալների մշակման կենտրոն։ Նիդերլանդները 298 կենտրոնով շատ մոտ է այդ սահմանագծին։

Մնացած երկրների մեծ մասում գործում է 300-ից պակաս նմանատիպ հաստատություն։