Հայաստանը չափազանց բարձր է գնահատում մեր տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատմանն ու տարածաշրջանային խնդիրների լուծմանն ուղղված Միացյալ Նահանգների ջանքերը: Այդ մասին դեկտեմբերի 2-ին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի տեղակալ Սելեսթա Վոլանդերի հետ հանդիպմանը:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ԱՄՆ պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչն ասել է, թե այցի ընթացքում նպատակ ունի ավելի լավ հասկանալ պաշտպանական ոլորտում Հայաստանի առաջնահերթությունները: Նշելով, որ իր երկիրը բարձր է գնահատում Հայաստանի մասնակցությունը տարբեր խաղաղապահ առաքելություններին` նա ասել է, որ այսօր եղել է ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադում եւ տպավորված է հայ զինծառայողների կարողություններով:

Նախագահ Սարգսյանը կարեւորել է միջազգային խաղաղապահ գործունեությանը Հայաստանի մասնակցությունը եւ ասել է, որ Հայաստանը պարտավոր է եւ ունակ է իր ներդրումն ունենալ միջազգային անվտանգության ամրապնդման գործում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային զարգացումների եւ խնդիրների վերաբերյալ: