ՀՀ վարչական դատարանում այս տարի 7114 մուտք եղած գործերից ավարտվել է 4664-ը։ Այս մասին լրագրողներին տեղեկարեց Վարչական դատարանի նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ նշելով, որ այժմ վերլուծություն է կատարվում, թե հայցերի քանի տոկոսն է բավարարվել։ «Նախորդ տարի բավարարվել է հայցերի 65 տոկոսը»,- ասաց դատարանի նախագահը՝ ավելացնելով, որ նախորդ տարի 4872 գործ է ավարտվել։ Ըստ նրա՝ եթե այս տարվա քննված գործերի քանակը բաշխվի Վարչական դատարանի դատավորների անցած 10 ամիսների աշխատանքային օրերին, ապա կստացվի, որ դատավորները օրվա ընթացքում 4,2 գործ են լսել եւ որոշում կայացրել։

Մուկուչյանի խոսքով՝ ընդունված ակտերի քանակը չեն ազդում որակի վրա, քանի որ շատ ցածր է բողոքարկման ցուցանիշը։ «4664 գործից բողոքարկվել է ընդամենը 609»,-ասաց նա՝ ավելանելով, որ Վճռաբեկ դատարանը բողոքարկված գործերի մի մասը չի բավարարել։ Դատարանի նախագահը նշել է, որ նորաստեղծ ատյանը արդեն դատական համակարգում հաստատվել է։ Ըստ նրա՝ նախատեսվում է բուհերի համար վարչական վարույթի դասագիրք տպագրել, որը մինչեւ այսօր չի եղել, ե նույնիսկ առարկայի դասավանդումը բուհերի իրավաբանական ֆակուլտետներում բացակայել է։

Տ. Մուկուչյանը նշեց, որ Հայաստանի վարչական իրավարարության հիմքում ներդրվել է գերմանական օրենսդրությունը, որի մշակմանը, տեխնիկական եւ գիտական աջակցմանը օժանդակել է Գերմանայի տեխնիկական համագործակցության ընկերությունը (GTZ): Վարչական դատարանի նախագահի խոսքով՝ առաջիկայում նախատեսում են GTZ հետ միասին հրատարակել նախորդ տարվա դատական ակտերի ընտրանի, որի կօգնի ավելի ամրապնդել նախադեպի ինստիտուտը, այսինքն՝ դրանով իսկ դատարանի որոշումները կդառնան ավելի կանխատեսելի։