Չնայած Հայաստանի պատրաստակամությանը, Ադրբեջանը շարունակում է ԵՄ կառույցներին տեղեկացնել, որ Հայաստանի հետ որեւէ երկկողմ գործակցություն «Արեւելյան գործընկերության» ձեւաչափում չի տեսնում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ դեկտեմբերի 3-ին Հայաստանում Եվրամիության խորհրդարանական խորհրդատու Էդուարդո դը Լորենցո Օչոայի հետ հանդիպմանը:
ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանձնաժողովի նախագահը ներկայացրեց այն հիմնական ուղղությունները, որոնք բխում են Հայստանի արտաքին արտաքին քաղաքական գերակայություններից՝ հայտարարված եվրաինտեգրման գործընթացից. այն է՝ համագործակցությունը Եվրամիության եւ Եվրախորհրդի հետ, ինչպես նաեւ Հայաստանի օրենսդրության մոտարկումը եվրոպական չափորոշիչներին:
Նաիրա Զոհրաբյանն ասել է նաեւ, որ դեկտեմբերի երկրորդ տասնօրյակին Բրյուսելում տեղի է ունենալու «Եվրանեսթի» աշխատանքային խմբի հերթական նիստը, որի ընթացքում հայկական կողմը ներկայացնելու է առաջարկների իր փաթեթը՝ նշելով, թե ինչ բնույթի հարցեր կարող են լինել խորհրդարանական նորաստեղծ ձեւաչափի օրակարգում, եւ որոնք են այն վերահապումները, որոնք, ըստ հայկական կողմի, չեն կարող դառնալ քննարկման առարկա:




























