Վատիկանում Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունը դեսպանատան կարգավիճակ է ստանալու: Նման պայմանավորվածություն է ձեռք բերվել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի հանդիպմանը, որ կայացել է նախօրեին, Վատիկանում:
Այս կերպ, ռուսաստանյան նախագահի հրամանագրով երկիրն ավելի բարձր մակարդակով դիվանագիտական հարաբերություններ կհաստատի Վատիկանի հետ: Ինչպես հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Տիմակովան, հանդիպմանը բարձր գնահատական է տրվել Ռուսաստանի եւ Վատիկանի, նաեւ Սուրբ Աթոռի եւ Ռուս ուղղափառ եկեղեցու երկխոսությանը: Զրուցակիցները արծարծել են նաեւ միջազգային տնտեսական եւ քաղաքական իրավիճակին եւ աշխարհին ու անվտանգությանը նետված մարտահրավերներին առնչվող հարցեր:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3–ին Մեդվեդեւը Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի հրավերով ժամանել է Իտալիա՝ մասնակցելու ռուս-իտալական միջպետական խորհրդակցությունների հերթական փուլին:




























