Ռուսաստանն ու ԱՄՆ-ը մոտ են Ռազմավարական հարձակողական սպառազինությունների նոր պայմանագրի նախապատրաստման աշխատանքների ավարտին:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», վկայակոչելով ՌԴ ԱԳՆ-ին, Ռուսաստանն ու ԱՄՆ-ը մոտ են երկկողմ իրավաբանորեն ամրագրված Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման եւ սահմանափակման պայմանագրի լիակատար ստորագրմանը:
Արտաքին քաղաքական գերատեսչության տվյալներով, երկրներն ամբողջությամբ կատարել են պայմանագրի կետերը: «Սառը պատերազմի ավարտից հետո Ռուսաստանի Դաշնությունը կրճատել է իր ունեցած ռազմավարական մարտագլխիկները ավելի քան երկու անգամ՝ ոչնչացնելով ավելի քան 3 հազար միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ, 45 միջուկային սուզանավ եւ 65 ծանր ռմբակոծիչ»,- ասված է հայտարարության մեջ:
Բացի այդ, Ռուսաստանը կոչ է անում բոլոր երկրներին, եւ առաջին հերթին միջուկային զինանոց ունեցողներին, միանալ զինաթափման գործում ԱՄՆ-ի հետ ձեռնարկվող քայլերին:
ՌԻԱ-Նովոստիի տվյալներով, ռուս-ամերիկյան հերթական խորհրդակցությունները շարունակվելու են դեկտեմբերի 5-ին՝ նախկին պայմանագրի ժամկետի սպառման օրը:




























