Ռուսաստանի վարչապետի՝ չորս ժամ տեւած հեռուստամարաթոնը համոզեց արեւմտյան ԶԼՄ-ներին, որ Վլադիմիր Պուտինը 2012-ին մտադիր է վերադառնալ Կրեմլ։ Օտարերկրյա լրագրողները միաձայն եկան այն եզրակացության, որ իրավիճակը Ռուսաստանում թելադրում է Պուտինը։

Նախօրեին կայացած «ուղիղ եթերում», որի ընթացքում Ռուսաստանի վարչապետը պատասխանեց տասնյակ հարցերի, արեւմտյան ԶԼՄ-ները տեսան Վլադիմիր Պուտինի՝ երկրի նախագահի պաշտոնին վերադառնալու նախանշանները։ Ինչպես այսօր գրում է New York Times-ը, Պուտինն, անկասկած, մի մարդու կերպար է ստեղծել, «որի քաղաքական կարիերան դեռեւս հեռու է մայրամուտից»։ «Հեռուստատեսային ֆորումն ակնհայտորեն ցույց տվեց Պուտինի իշխանությունը»։

Բրիտանական Telegraph-ի լրագրողների կարծիքով, Պուտինի՝ հեռուստաեթերի միջոցով ռուսաստանցիների հետ շփվելը նպատակ ուներ «մեծացնել նրա՝առանց այդ էլ մեծ ժողովրդականությունը»։ Ելույթը, ինչպես նշվում է, «հեռուստադիտողի մոտ տպավորություն էր ստեղծել, որ նա, եւ ոչ թե Դմիտրի Մեդվեդեւն է ղեկավարում երկիրը»։

Ռուսաստանի վարչապետի ելույթը գնահատելով որպես վարպետություն՝ բրիտանական Guardian-ը դրա մեջ «հստակ ակնարկ է տեսնում այն բանում, որ նա պատրաստվում է վերադառնալ իր նախկին պաշտոնին։ Նա երկիրը ղեկավարող ամենահայտնի ռուս քաղաքական գործիչն է»,- գրում է թերթը։