News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանի մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը դիմել է Ոստիկանության Կոտայքի մարզի վարչության Աբովյանի բաժին՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել Գառնիի գյուղապետ Աշոտ Վարդանյանին, քանի որ վերջինս թույլ չի տալիս ՊՈԱԿ-ին շարունակել բացօթյա սրճարանի կառուցումը Գառնիի տաճարի արքունական բաղնիքի դիմաց: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՊՈԱԿ-ի ղեկավար Վլադիմիր Պողոսյանը:

«Արդեն 3-4 օր սկսել ենք շինարարությունը, բայց երեկ մեր աշխատողներին են մոտեցել գյուղապետարանի երկու աշխատակից ու արգելել շարունակել բարեկարգման աշխատանքները: Ես էլ երեկ դիմել եմ ոստիկանություն ու պահանջել պատասխանատվության ենթարկել Աշոտ Վարդանյանին, քանի որ վերջինս ուղղակի իրավունք չունի խոչընդոտել մեր աշխատանքը»,- ասաց նա:

Իր հերթին Գառնիի գյուղապետը նույնպես դիմել է ոստիկանություն, որովհետեւ «անօրինական շինություն է կառուցվում»:

«Ես երբեք անօրինականություն թույլ չեմ տա, մինչեւ վերջ պայքարելու եմ: Իսկ Վլադիմիր Պողոսյանը պետք է դատարան դիմի, ոչ թե ոստիկանություն»,- նշեց գյուղապետը:

Հիշեցնենք, որ ՀՀ Մշակույթի նախարարության ՊՈԱԿ-ը նախատեսում է հաջորդ տարվա մայիսին Գառնիում բացօթյա սեզոնային սրճարան բացել: Գյուղապետ Աշոտ Վարդանյանը նոյեմբերի 27-ին մերժել է ՊՈԱԿ-ի ղեկավար Վլադիմիր Պողոսյանին` հայտնելով, որ ինքը թույլ չի տալու կառուցել սրճարանը, մինչեւ չունենա Մշակույթի նախարարության հստակ եզրակացությունը, որ շինության տարածքը պեղումների ենթակա չէ։ Ի պատասխան գյուղապետի նամակի` Պողոսյանը NEWS.am-ին ասել էր, որ տարածքն ուսումնասիրված է եւ կա հնագետի եզրակացությունը: Նրա խոսքով` սրճարանն ամեն դեպքում կառուցվելու է եւ դրա համար գյուղապետի թույլտվությունը հարկավոր չէ:

Տպել
Ամենաշատ