Երեւանում երեկ` հուլիսի 22-ին ժամը 12,40-ին հնչել են կրակոցներ, ինչի հետեւանքով մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց: NEWS.am-ի թղթակցին ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ հուլիսի 22–ին ժամը 12,40-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից Նոր Նորքի ոստիկանության բաժին հաղորդում է ստացվել, որ ձախ ոտքի հրազենային վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 52-ամյա Ռուստամ Արաբյանը: Օպերատիվ խումբը դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել է 9 մմ տրամաչափի փամփուշի 3 պարկուճ եւ 7,62 մմ տրամաչափի մեկ փամփուշ: Ըստ բժշկի տեղեկանքի` տուժողը ի վիճակի չի եղել բացատրություն տալ, կատարվում է նախաքննություն:
Մեր տեղեկություններով` Արաբյանի եւ մի քանի հոգու միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով վիճաբանողները կրակոց են արձակել: Իսկ վիճաբանողները, ըստ չճշտված տեղեկությունների, ՀՀ Գլխավոր դատախազության նախկին դատախազ Լեռնիկ Շահբազյանի որդիներն ու նրանց ընկերներն են:




























