Լոռիի մարզում, այսօր՝ հուլիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, ժամը 18.30-ի սահմաններում «ՎԱԶ 2106» մակնիշի 36 ԼՍ 427 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Դիլիջան-Վանաձոր ճանապարհին՝ Վանաձոր քաղաքի մուտքի մոտ, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել ծառին:
Վթարի հետեւանքով 2 տղամարդ մահացել են, իսկ 3 հոգի ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են Վանաձորի թիվ 1 հիվանդանոց:
Դեպքի վայր է ժամանել Ոստիկանության Լոռիի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզային վարչության օպեր-գծով տեղակալ Արամ Ղազարյանի եւ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռիի մարզի քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Վահագն Հակոբյանի գլխավորությամբ:
Հաշվի առնելով պատահարի բնույթը՝ տեղում է նաեւ Լոռիի մարզի դատախազ Կարեն Շահբազյանը:
Ժամանել են նաեւ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Մարտիկ Բալայանի եւ դասակի հրամանատար Կարեն Բոյաջյանի գլխավորությամբ:
Այս պահին ոստիկանությունը փորձում է պարզել վիրավորների ինքնությունը:
Խոսակցությունների համաձայն մինչեւ վթարը տեղի է ունեցել պայթյուն:



























