Գյումրիի թիվ 16 մանկապարտեզի վարիչ Գոհար Չիլինգարյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի` ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրները:

Մեր տեղեկություններով՝ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով: Գոհար Չիլինգարյանը գտնվում է Հայաստանից դուրս, եւ թեեւ հետախուզում հայտարարելուց հետո անցել է մեկ ամիս, սակայն նա դեռ չի հայտնաբերվել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Գյումրիի թիվ 16 մանկապարտեզի վարիչը՝ Գոհար Չիլինգարյանը, անհետացել է: Հուլիսի 13-ին Գյումրիի քաղաքապետարանը ահազանգ է ստացել, որ տնօրենը ընդհանրապես չկա, նրա հետ որեւէ կապի միջոց չկա: Նրանք տեղեկություն չունեն նաեւ մանկապարտեզի վարիչի ընտանիքից, բարեկամներից:

Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` մանկապարտեզի տնօրենի կողմից  պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերով յուրացում կատարելու փաստի առթիվ: Դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ մանկապարտեզի տնօրենը 2013թ. հունիս-հուլիս ամիսներին Գյումրիի քաղաքապետարանից փոխանցված, ինչպես նաեւ վարձավճարներից հավաքագրված ընդհանուր 1 501 096 դրամը չի ուղղել աշխատավարձի, սնունդ մատակարարած ընկերությունների հանդեպ  ունեցած պարտավորությունների եւ կոմունալ ծախսերի վարձավճարների մարմանը: Հանդիսանալով նյութական պատասխանատու անձ, մանկապարտեզի տնօրենն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, նշված գումարը, ըստ նախապատրաստված նյութերի, յուրացման եղանակով հափշտակել է: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով : Քրեական գործի նախախաքննությունը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնին: