Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանը՝ «Յուվեցի Կարոն» համոզված է, որ ով էլ լիներ Գոռ Առաքելյանի փոխարեն, նույն կերպ կվարվեր: NEWS.am-ի թղթակիցը մայիսի 17-ին «Վերնիսաժի» դեպքերի մասին զրուցել է պատգամավորի հետ:

Պարոն Կարապետյան, ինչպե՞ս է Ձեր թոռնիկը, ի՞նչ առողջական խնդիրներ ունի:

Թոռնիկս այնքան էլ լավ չէ, բայց ասում են՝ կլավանա: Կակազում ա էլի, եսիմ՝ ինչ խնդիրներ ունի, Լենինգրադում ա: Թոռնիկս կլավանա, ես ո՞նց կարող եմ թոռնիկիս թողնեմ, որ վատ լինի: Վնասվածքներ չունի, ընդամենը վախեցել ա: Աղջիկս էլ ա վախեցած, ո՞նց պիտի լինի:

Մայիսի 17-ին Գոռը կրակել է եւ վիրավորել 5 քաղաքացիների...

Ես չեմ ուզում դրա մասին խոսեմ, Գոռը հեր ու մեր ունի, զանգեք, իրենց հարցրեք, ես ի՞նչ կապ ունեմ:

Պարոն Կարապետյան, իսկ Ձեր աղջիկը հարցաքննվե՞լ է, ի՞նչ է պատմում դեպքի մասին: Խոսակցություններ կան, որ Գոռին ծեծել են, հայհոյել կնոջ եւ երեխայի ներկայությամբ:

Հարցաքննվել է աղջիկս: Էնտեղ լիքը մարդ ա եղել, պատգամավորի օգնական ա եղել, էնտեղ երեք ավտո կանգնած են եղել, հո մենակ Գոռը չի եղել: Կամերան զապիս ա արել, եթե մենակ Գոռը լիներ, կասեինք՝ հա գլխին սարքում են:

Այսինքն բացի Գոռից այլ մարդի՞կ են մասնակցել միջադեպին:

Բա չգիտե՞ս: Քննչականի պետն ա եղել, իրա կինն ա եղել, հետեւը մի հատ ավտոյա կայնած եղել, անունը ինչ որ Հովիկ ա, չեմ էլ իմանում:

Ինչո՞ւ է հենց Գոռին մեղադրանք առաջադրվել, պարոն Կարապետյան:

Դե որ Գոռին ծեծել-մեծել են, ինքն էլ կրակել ա, դրա համար են Գոռին մեղադրում:

Ըստ Ձեզ, ճի՞շտ է առաջադրված մեղադրանքը:

Իհարկե, սխալ ա: Եթե պիտի հանրապետությունում բոլորը սենց պիտի լինեն, մասսայական կնոջ երեխու ներկայությամբ հանցագործները գան, ծեծեն, ջարդեն, փշրեն ու պատիժ չստանան, նշանակում ա՝ սխալ ա: Ասենք՝ ես ու դու ավտոյով գնում ենք, մեկը գալիս ա, մեզ կայնացնում ա, սկսում ա քո ներկայությամբ հայհոյել, ինձ էլ գցեն, ոտերի տակը ծեծեն, ես ի՞նչ պիտի անեմ: Կամ ասենք՝ քո մոտ որ զենք լինի, չե՞ս կրակելու: Ամեն մարդ պիտի ունենա իրա ինքնասիրությունն ու թասիբը: Եթե պիտի ամեն անգամ սենց անեն ու չպատժվեն, բոլորն էլ կանեն էլի:

Իսկ հնարավո՞ր է՝ Վալերի Հովհաննիսյանն ու Ներսես Մելքոնյանը չմաքրված հաշիվներ ունենային Գոռի հետ:

Չէ, ընդհանրապես իրար չէին էլ ճանաչում:

Վիրավորված երիտասարդները չեն պատրաստվում բողոքել, ինչքանո՞վ դա կօգնի Գոռին, հնարավո՞ր է՝ խափանման միջոց կալանքը փոխվի, կամ առաջադրված մեղադրանքը:

Ես չգիտեմ՝ իրանք կբողոքեն, կամ չեն բողոքի: Իրանք բողոքելու տեղ չունեն, բողոքելու տեղ ունի Գոռը: Նախաքննության փուլում է գործը:

Զրուցեց Աիդա Հովհաննիսյանը