Ռուսաստանի Քննչական կոմիտեն ՌԴ Պաշտպանության նախարարության ՏՈւ-154  ինքնաթիռի կորելուց հետո քրեական գործ է հարուցել: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՔԿ-ի ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոյին:

«Քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 351-րդ հոդվածով (Թռիչքների կամ դրանց նախապատրաստման կանոնների խախտում),»- հայտնել է նա:

Նշվում է, որ ՔԿ-ն փաստաթղթեր է առգրավում, հարցաքննում այն անձանց, ովքեր ՏՈւ-154-ը թռիչքի են պատրաստել:

Ավելի վաղ Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել են, որ Սեւ ծովում հայտնաբերվել են ՏՈւ-154-ի ուղեւորների անձնական իրեր եւ ինքնաթիռի բեկորներ: 

ՊՆ-ի ՏՈւ-154 ինքնաթիռը օդ էր բարձրացել Ադլերի օդանավակայանից եւ 20 րոպե անց ռադարներից անհետացել: Գերատեսչության տեղեկություններով՝ ինքնաթիռում եղել են ՌԴ ԶՈւ-ի զինծառայողներ, Ալեքսանդրովի անվան համույթի արտիստներ եւ ռուսական լրատվամիջոցների 9 ներկայացուցիչներ, ընդհանուր 91 մարդ: