News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Հրազդանում մեկ ամիս առաջ մահացած 11–ամյա Գեղեցիկի հարազատները պնդում են, որ իրենց երեխան մահացել է «Հրազդան» բժշկական կենտրոնի մանկաբույժ Մարինե Հակոբյանի անբարեխիղճ վերաբերմունքի պատճառով:

NEWS.am–ի հետ զրույցում երեխայի պապիկը՝ Սարգիս Սոնջյանը, պատմեց, որ հունվարի 17-ին երեխան իրեն վատ է զգացել, թույլ է եղել, ոտքերը ցավել են եւ ծնողները նրան տարել են տեղամասային բժշկի մոտ:

«Մեզ ասացին՝ անհանգստանալու կարիք չկա, անգինայով ա հիվանդ, բայց նրա գլանները 6 տարի առաջ էր հանված, ինչ անգինա, տեղամասային բժիշկը դեղեր նշանակեց ու եկանք տուն: Բայց երկու օր հետո ջերմությունը երեխու չէր իջնում, կանչեցինք նորից տեղամասային բժշկին, եկավ, նայեց, ասաց՝ կոկորդը բորբոքված ա, թող նորից անալիզներ տա, անալիզներ տվեցինք ու մեզ ուղարկեցին հիվանդանոցի մանկաբույժի՝ Մարինեի մոտ: Նա ասաց, որ թոքաբորբ ա ու կաթիլային միացրեց: Մեկ շաբաթ անց երեխայի վիճակը չէր լավանում…»-պատմեց երեխայի պապիկը՝ Սարգիս Սոնջյանը:

Գեղեցիկի տատիկը՝ Գեղեցիկ Սոնջյանն ավելացրեց, որ 7 օրից հետո իրենք ցանկություն են հայտնել Գեղեցիկին Երեւան տեղափոխելու, քանի որ նրա վիճակը չի կարգավորվել, տանելուց առաջ նորից անալիզներ են հանձնել, տատիկի պնդմամբ՝ բժշկուհին ասել է, որ համակարգը խախտված է ու անալիզները ոչինչ ցույց չեն տալիս:

«Հիվանդանոց ընդունելու օրը, երբ անալիզ ենք հանձնել, ռոյան եղելա 50, իսկ էդ 50-ի վրա ինքը շտապ պիտի ասեր հասցրեք Երեւան, որ երեխան բուժվի: Կաթիլային միացրեց, երեխայի ջերմությունը  40 աստիճանից չէր իջնում, ինքը 7 օր դեքսամետազոն ա միացրել, հորմոն, որն էլ նրա դիմադրողականությունը իջացրել ա: Էդ ընթացքում էստեղ էխո են արել, ռենտգեն, բայց երեխայի մոտ բոլոր օրգանները նորմալ են եղել, բայց երբ Արաբկիրում մի քանի օր վերակենդանացման բաժանմունքում մնալուց հետո մահացել ա, էդ ընթացքում եւ հետո էլ բոլոր անալիզները ու դիակի հերձումը ցույց ա տվել, որ երիկամը գոյություն չունի, ամենը քայքայված ա եղել ու էդ դեղիցա՝ «Դեքսամեթազոնից»: Մեր երեխու բոլոր անալիզները ցույց են տվել, որ ինքը առողջ ա եղել, էլ գենետիկական անալիզներ, էլ լեյկոզ, բոլորը հանձնվելա: Երեխու մոտ հայտնաբերվել է միայն Էփշտեյնբարրի վիրուս, որը օդակաթիլային ճանապարհով է փոխանցվում ու կարող է հանդիպել ամեն երկրորդ մարդու մոտ, դրանից մարդ չի մահանում»-պատմեց Գեղեցիկ Սոնջյանը:

Տատիկի խոսքով, իր մյուս երկու թոռներն էլ վատ զգացել,  նրանց էլ են տարել պոլիկլինիկա ու վերջինների մոտ  հայտնաբերվել է էփշտեյնբարրի վիրուս:

«Էս երկուսին էլ շտապ «Հրազդանի» բժշկական կենտրոնից տեղափոխեցին Երեւան, էնտեղ 1 շաբաթ բուժվեցին ու հիմա վազվզում են մեր տանը ու փաստն այն է, որ էդ երկուսը՝ նույն վիրուսով, տանն են, իսկ Գեղեցիկս անգրագետ Մարինե Հակոբյանի պատճառով ձեռիցս գնաց…»,-ասաց նա:

Երեխայի հարազատները նշեցին, որ Գեղեցիկը գերազանց է սովորել դպրոցում, շատ լավ նկարել: Նրան խոսքով, մինչ այսօր չեն բարձրաձայնել խնդրի մասին, քանի որ չեն ունեցել մահվան եզրակացությունը եւ չեն ցանկացել անտեղի մեղադրանքներ հնչեցնել: Նրանք համոզված են, որ «Դեքսամեթազոնն» է քայքայել երեխայի օրգանիզմը:

Նշենք, որ Մարինե Հակոբյանը նախկինում 40 օրական երեխայի մահվան համար 2 տարվա ազատազրկման էր դատապարտվել։ Դատավճիռը դեռեւս ուժի մեջ չի մտել, քանի որ բժշկուհու փաստաբանները Վերաքննիչ բողոք են ներկայացրել։

Տպել
Ամենաշատ