News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Պետության կողմից ընթերակայի վրա ներգործելու առումով դաշտն ավելի մեծ է, քան եթե փորձենք դա փոխարինել տեսաձայնագրություններով: Այս մասին, այսօր՝ փետրվարի 7-ին, ԱԺ-ում « Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ նշել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանը:

«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանի դիտարկմանը, որ ընթերակաները հաստատում էին տեղի ունեցած գործողության փաստը, արդյոք մասնագետի ներկայությունը կամ տեսաձայնագրումը կարող է փոխարինել ընթերակային, Ղամբարյանը պատասխանեց.

«Պատկերացրեք բնականարում կատարել ենք խուզարկություն եւ հայտնաբերել թմրանյութ, որին ներկա են եղել ընթերականեր: Դատարանում բնակարանի սեփականատերը հայտարարում է, որ իմ բնակարանում դա չի եղել, ոստիկաններն ապօրինի գործողություն են արել: Այդ ժամանակ դատարան ենք հրավիրում երկու ընթերականերին եւ հարցնում, թե արդյոք տեսել են, որ թմրանյութը գտել են այդ բնակարանում: Մեր պրակտիկայում ընթերակաները որպես կանոն պնդում են, եւ ասում՝ այո, մենք տեսել ենք, թե ինչպես եք դա հանել բնակարանից:

Սա, կարծում եմ, այնքան էլ իրական երաշխիք չէ, որովհետեւ պետության կողմից ներգործել ընթերակայի վրա, դաշտն ավելի մեծ է, քան եթե դա փորձենք փոխարինել օբյեկտիվ քննչական մեխանիզմներով քննչական գործողության ընթացքը ամրագրելը: Եթե մենք տեսաձայնագրում ենք, դա ավելի լավ երաշխիք է»:

Արթուր Ղամբարյանի խոսքով, եթե բնակարանի խուզարկությանը մասնակցում է բնակարանի սեփականատերը, նաեւ նրա պաշտպանը կամ փաստաբանը, եւ առարկություն չեն ներկայացնում, ապա տեսաձայնագրումը լրիվ երաշխիք է, որ նույնիսկ մեր ոչ այդքան անաչառ դատարանները կարողանան ապացույցների թույլատրելիության վերաբերյալ ճիշտ որոշում  կայացնել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում նախատեսված փոփոխություններով առաջարկվում է կրճատել այն քննչական գործողությունների թիվը, որոնցով ընթերակաների մասնակցությունը պարտադիր է համարվում:

Ըստ օրինագծի այսուհետ ընթերակայի մասնակցությունը պարտադիր կհամարվի միայն դեպքի վայրի զննության, անձի ճանաչման ներկայացնելու, առգրավման, եւ քննչական փորձարարության գործողությունների ժամանակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ