News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եթե «Հ1»-ի խմբագիրները համարել են, որ անազատության մեջ գտնվող կանանց ծաղրող հաղորդումը նորմալ է, նշանակում է իրենք լուրջ խնդիր ունեն ոչ միայն պրոֆեսիոնալիզմի, այլեւ բարոյականության հետ կապված: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց փաստաբան, Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Նինա Կարապետյանցը՝ անդրադառնալով մարտի 8-ին «Հ1»-ով հեռարձակված «Լավ երեկո» հաղորդման ռեպորտաժին, որտեղ լրագրողը հնարավորություն էր ունեցել մուտք գործել ՔԿՀ եւ զրուցել ամենախոցելի խավի՝ ազատազրկված կանանց հետ՝ ծաղրելով նրանց:

«Շատ քիչ նյութեր են լինում, որ կարող են այս աստիճանի վրդովմունք առաջացնել, որովհետեւ այս տեսանյութը ոչ կատակ էր, ոչ սարկազմ էր, ոչ՝ հումոր, այն բացարձակ ծաղր էր անազատության մեջ գտնվող կանանց նկատմամբ: Ես չեմ կարծում, որ մարտի 8-ին, կամ առհասարակ որեւէ այլ օր կարելի էր նման ռեպորտաժ պատրաստել:

Ես կարող էի մտածել, որ դա լրագրողի անփորձ լինելու հետեւանք կամ ինքնագործունեություն կարող է լինել, բայց «Հ1»-ում կան խմբագիրներ, որոնք պարտավոր էին բաց թողնելուց առաջ գնահատել այն: Եթե խմբագիրները համարել են, որ դա նորմալ է, իրենք լուրջ խնդիր ունեն ոչ միայն պրոֆեսիոնալիզմի, այլեւ բարոյականության հետ կապված: Սա հանրության փողերով գոյատեւող «Հ1»-ն է, դեղին մամուլ չի եւ չի կարող նման վարքագիծ դրսեւորել»,-հայտարարեց Նինա Կարապետյանցը:

Նա վստահություն հայտնեց, որ այդ կանայք, որոնք խոսել են հաղորդման ժամանակ, չեն իմացել, թե ինչ ֆորմատով է օգտագործվելու իրենց խոսքը, որ դա նման ծաղրի է վերածվելու, իրենց ամեն մի խոսքից հետո ծիծաղ է հնչելու. «Ես կարծում եմ՝ այդ կանայք էլ պետք է վրդովված լինեն նման վերաբերմունքից, թեեւ չեմ բացառում, որ օգտվելով նրանից, որ կանայք անազատության մեջ են, փորձեն ասել, որ նրանք շատ գոհ ու երջանիկ են: Բայց ինձ համար գոնե դա համոզիչ չի լինի, որովհետեւ անազատության մեջ գտնվող մարդիկ շատ խոցելի են, նրանց վրա ազդելու շատ մեծ միջոցներ կան: Այդ կանայք կարող են որոշակի ճնշման ենթարկվել նման հայտարարություններ անելով: Մարդու իրավունքների տեսակետից չի կարելի մարդկանց ծաղրել, ոչ ոք իրենց իրավունք չի տվել նման գործողություններ անելու»:

Նինա Կարապետյանը նկատեց, որ երբ պրոֆեսիոնալ լրագրողները, իրավապաշտպանները փորձում են մտնել քրեակատարողական հիմնարկ, մոնիտորինգ կամ հարցում անցկացնել, չգիտես ինչու նրանց դա արգելվում է. «Օրինակ հենց մեր Հելսինկյան ասոցիացիային թույլ չեն տվել այլեւս մտնել ՔԿՀ-ներ: Որպես փաստաբան մենք այցելում ենք, բայց որպես իրավապաշտպան կազմակերպություն հնարավորություն չունենք մտնել ՔԿՀ-ներ ու մոնիտորինգ անցկացնել, բայց կալանավորին ծաղրելու համար «Հ1»-ի լրագրողին թույլ են տվել մտնել, մինչդեռ շատ-շատ լրագրողների թույլ չեն տալիս մտնել ՔԿՀ-ներ: Այսինքն այստեղ եւս խտրական վերաբերմունք է եղել, միանշանակ: Այստեղ  օգտագործվել է նրանց խոցելիությունը, ինչը բացարձակ անընդունելի է»:

Անդրադառնալով  Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի հայտարարությանը, որ անընդունելի է նման ռեպորտաժը եւ ինքը անպայման «Հ1»-ի հետ լուրջ քննարկում կունենա, Նինա Կարապետյանցն ասաց, որ այստեղ իր մեղքի բաժինն ունի նաեւ արդարադատության նախարարությունը. «Օրինակ, երբ Հելսինկյան ասոցիացիայի ներկայացուցիչներս փորձում էինք մոնիտորինգ իրականացնելու համար մուտք գործել ՔԿՀ, մեզնից ճշտել են եւ ծրագիրը, եւ հարցաշարը, եւ ձեւաչափը: Նաեւ ճշտել են՝ արդյոք հետո զեկույց հրապարակվելու է, թե ոչ, եւ մենք վերջնական արդյունքը ներկայացրել ենք արդարադատության նախարարությանը: Բավականին տնտղելուց հետո նոր մեզ թույլ են տվել ներս մտնել: Իսկ այս դեպքում երեւի անլուրջ են վերաբերվել, չեն գնահատել բոլոր հնարավոր ռիսկերը եւ թույլ են տվել, որ նման խայտառակություն լինի, այն էլ «Հ1»-ի եթերում:  Դա հանրության գումարներով գոյատեւող լրատվամիջոց է, եւ չէր կարելի նման բան թույլ տալ»:

Հիշեցնենք, որ մարտի 8-ին Հ1-ի «Լավ երեկո» հաղորդման լրագրողը հնարավորություն էր ունեցել մուտք գործել ՔԿՀ եւ զրուցել ամենախոցելի խավի՝ ազատազրկված կանանց հետ: Կանանց իրավունքների պաշտպանության օրը դատապարտված կանայք ծաղրի առարկա էին դարձել: Ռեպորտաժի ժամանակ կադրից դուրս պարբերաբար հնչում էր ծիծաղի ձայն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Ամենաշատ