News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Կանանց քրեակատարողական հիմնարկում նկարահանված, «Լավ երեկո» հաղորդման աղմուկ հանած ռեպորտաժը մտահոգել է իրավապաշտպաններին: NEWS.am-ի հետ զրույցում իրավապաշտպան Արթուր Սաքունցը անդրադառնալով ազատազրկված կանանց մասնակցությամբ լրագրողի պատրաստած ռեպորտաժին, նշեց, որ հարկատուների վճարած գումարների հաշվին նվաստացվել են կանայք, խախտվել են նրանց իրավունքները:

«Կալանավորված անձանց նկատմամբ արժանապատվությունը նվաստացնող երեւույթ էր, որովհետեւ մարդկանց օգտագործել են իրենց հաղորդման մեջ եւ ընդ որում, ինչպես երեւում է, հաղորդման ծաղրական բովանդակությունը հայտնի չի եղել կանանց: Կադրում լսվում են ծիծաղի ձայներ, բնականաբար, այդ մասին կանանց պետք է զգուշացնեին: Մարտի 8-ը կանանց իրավունքների պաշտպանության օրն է , բայց կանանց նկատմամբ, ըստ էության, այդ ռեպորտաժը խտրական վերաբերմունքի ցայտուն օրինակ է»,-ասաց Արթուր Սաքունցը:

Նա նաեւ անդրադարձավ ՔԿՎ-ի կողմից տրվող թույլտվությանը, որով լրագրողները կարողանում են ՔԿՀ մուտք գործել. նրա խոսքով, բազմաթիվ լրատվամիջոցներ են դիմում ՔԿՀ մտնելու թույլտվություն ստանալու համար, սակայն, հիմնականում մերժվում, այս պարագայում էլ խտրական մոտեցում է  ցուցաբերվել. «Նաեւ կա լրագրողների նկատմամբ խտրական վերաբերմունքի փաստ, Հ1-ի լրագրողին թուլ են տվել ՔԿՀ մտնել, իսկ մյուս լրատվամիջոցներին արգելում են: Հանրության մոտ ազատազրկված կանանց խնդիրների վերաբերյալ կեղծ տեղեկատվություն կա, բազմաթիվ խնդիրներ նրանք ունեն քրեակատարողական հիմնարկում, որոնք տարիներով լուծված չեն, այս հանգամանքներին չանդրադառնալը եւ նրանց որպես խնդիրներ չունեցող ներկայացնելը անհարգալից վերաբերմունք է անձանց նկատմամբ»:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանից էլ փորձեցինք ճշտել, թե երբ են «Լավ երեկո» հաղորդման այս ռեպորտաժի համար դիմել ՔԿՎ եւ ինչ հիմքով է թույլատրվել նրանց մուտքը «Աբովյան» ՔԿՀ։ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետը պատասխանեց. «Դավիթ Հարությունյանը բոլոր հարցերին պատասխանել է, ես ավելին ոչինչ չեմ կարող ասել»:

Նշենք, որ այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն անդրադառնալով այս խնդրին, անթույլատրելի է որակել տեղի ունեցածը. ««Կարծում եմ, որ դա անթույլատրելի է, ինքս շատ մտահոգված եմ այդ դեպքով եւ շատ լուրջ քննարկում եմ ունենալու Հ1-ի ղեկավարության հետ, որովհետեւ սա առաջին դեպքը չէ, այլ երկրորդ լուրջ բացթողումն է, որ տեղի է ունեցել Հ1-ի կողմից։ Մենք դա քննարկման առարկա կդարձնենք»,- ասել էր նախարարը:

Հիշեցնենք, որ մարտի 8-ին Հ1-ի «Լավ երեկո» հաղորդման լրագրողը հնարավորություն էր ունեցել մուտք գործել ՔԿՀ եւ զրուցել ամենախոցելի խավի՝ ազատազրկված կանանց հետ: Կանանց իրավունքների պաշտպանության օրը դատապարտված կանայք ծաղրի առարկա էին դարձել: Ռեպորտաժի ժամանակ կադրից դուրս պարբերաբար հնչում էր ծիծաղի ձայն:

Տպել
Ամենաշատ