News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 11
Տեսնել լրահոսը

2011 թվականից ի վեր «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը չի վերանորոգվում, սակայն այժմ բրիտանացի ճարտարապետները միջազգային հանրության հետ միասին հորդորում են չքանդել այն: Այս մասին գրված է Միրանդա Ալդերսեյի եւ Թիմ Ֆրենդի՝ Daily Mail-ում տպագրված հոդվածում:

Հեղինակների խոսքով՝ «Զվարթնոց»-ը նման է գիտաֆանտաստիկ գրականության մոնոլիտ տիեզերական քաղաքի, մինչդեռ այն Սովետական միության զարդերից մեկն էր: Այժմ նույնիսկ աշտարակի տառերն են պոկվում: Շինությունն ակնհայտորեն սովետական ժամանակաշրջանին հատուկ դիզայն ունի. այն կոչված էր տպավորելու Կրեմլի եւ ամբողջ ԽՍՀՄ-ի բարձրաստիճան հյուրերին, որոնք վայրէջք էին կատարում դրա վազքուղու վրա:

«Այժմ, մտնելով Եվրոպայի եւ Ասիայի նախկին խաչմերուկ հանդիսացող այս շենքը, թվում է, թե 4 տասնամյակ հետ ես գնում: Մեծ շքամուտքը եւ դրա մարմարե պատերն այժմ փշրվում են, տանիքից` կաթում է, իսկ վազքուղու պատուհանները կամ կոտրված են, կամ էլ՝ չկան»,- գրում են հեղինակները:

Նշվում է, որ բրիտանացի ճարտարապետներն առաջինն են միջազգային հանրության շարքերում` կոչ անելով փրկել շենքը կործանիչ գնդի հարվածից:

Բրիտանացի առաջատար ճարտարապետ Թիմ Ֆլիննի խոսքով՝ «Զվարթնոց»-ը հրաշալի ճարտարապետական կոթող է: Լոնդոնում հաստատված նրա միջազգային ընկերության Հայաստանյան գրասենյակը Երեւանում 14 տարի գործունեություն է ծավալել: Եվ նա հույս ունի, որ Հայաստանի նոր, ժողովրդավար կառավարությունը «Զվարթնոց»-ը կհամարի պատմական շենք, որն արժե պահպանել: Սակայն նա նաեւ զգուշացնում է, որ ներկա վիճակում շենքը փրկելը գնալով ավելի դժվար է դառնում:

«Ես հասկանում եմ, որ նոր վարչապետի ուսերին ծանր բեռ է դրված, սակայն հույս ունեմ, որ նրա խիղճը կստիպի իրեն որոշումը փոխել: Անկախ Սովետական միության մասին կարծիքից` այդ շրջանի շենքերը բացառիկ էին եւ պատմությամ մի մասն են կազմում»,  ասել է նա:

Նշվում է, որ օդանավակայանի տերերը ցանկանում են հին օդանավակայանը քանդել եւ, միլիոնավոր դոլարներ ծախսելով, փոխարենն ընդլայնել նոր միջազգային տերմինալը: Սակայն նրանց դեմ պայքարում է օդանավակայանի ճարտարապետի դուստրը: Անահիտ Թարխանյանը կարծում է, որ օդանավակայանը դեռեւս մեծ ներուժ ունի, եւ շատերը չեն հասկանում, թե ինչից են հրաժարվում: Նա մասնակցում է Երեւանի ավագանու ընտրություններին՝ խոստանալով թույլ չտալ քանդել օդանավակայանի հին շենքը:

Լոնդոնի Պուշկինի տան տնօրեն Քլեմ Սեսիլն ասել է, որ «Զվարթնոց»-ի շենքն իր տեսակի մեջ բացառիկ է. ««Զվարթնոց»-ը պետք է փրկել: Այն կառուցվել է մի շրջանում, երբ Ստալինի բռնատիրությունն այլեւս չկար, եւ սովետական ճարտարապետները փորձարկումներ էին կատարում արտասահմանյան ազդեցության տակ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ
Partner news