News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 15
Տեսնել լրահոսը

Բարսելոնայի Սան Պաու քաղաքի հիվանդանոցում 85 տարեկանում մահացել է հանրահռչակ սոպրանո Մոնսերատ Կաբալյեն, հաղորդում է El Espanol-ը՝ վկայակոչելով հիվանդանոցի աղբյուրները:

Աղբյուրը նշում է, որ երգչուհին հիվանդանոց է տեղափոխվել սեպտեմբերի կեսերին: Դեռեւս չի հաղորդվում մահվան պատճառը:

Երգչուհու ընտանիքին կոտ կանգնած աղբյուրները նշում են, որ վերջին ժամանակներս նա միզապարկի հետ կապված խնդիրներ ուներ:

Թաղման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին:

Հիշեցնենք, որ աշխարհահռչակ սոպրանո Մոնսերատ Կաբալյեն 2014 թվականի հոկտեմբերին այցելել էր Արցախ, որտեղ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի էր ունեցել երգչուհու բացառիկ համերգը` նվիրված Արցախում զինադադարի հաստատման 20-ամյակին:

Մոնսերատ Կաբալիեի հանդիպումներ էր ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի եւ հոգեւոր առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ: Նա Արցախ էր ժամանել իր հարազատների, իսպանացի տենորի եւ նվագակցողի հետ:

Մոնսերատ Կաբալիեն առաջին անգամ Արցախ է այցելել 2013թ. հունիսին։ Նույն թվականի դեկտեմբերի 12-ին Փարիզում տեղի է ունեցել Մոնսերատ Կաբալիեի «Հայաստան եւ Արցախ. քրիստոնեության կղզյակ» ալբոմի շնորհանդեսը: Հենց Փարիզում էլ ճանաչված երգչուհին խոստացել էր կրկին գալ Արցախ: «…Վերադառնում եմ Արցախ եւ այս անգամ երգելու համար: Ձեզ հետ, Ձեր փոքրիկ, բայց ուժեղ երկրում կտոնեմ զինադադարի կնքման 20-ամյակը: Հուսով եմ տեսնել Ձեզ Ստեփանակերտում, հանդիպել իմ հին ընկերներին եւ երգել նրանց համար` հանուն խաղաղության եւ Արցախի բարգավաճման»,-գրել էր նա՝ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին ուղղված նամակում:

Մոնսերատ Կաբալյեն ծնվել է 1933թ., Բարսելոնայում (Իսպանիա): Համարվում է 20-րդ դարի լավագույն սոպրանոներից մեկը: 1974 թվականին ճանաչվել է Միացյալ Ազգերի Կազմակերպության պատվավոր դեսպան, 1991-ին՝ Խաղաղության դեսպան, 1994-ից ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարի կամքի դեսպան է: 2013թ. հունիսի 7-ին ՀՀ նախագահի հրամանագրով պարգեւատրվել է Պատվո շքանշանով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Partner news