News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 18
USD
476.1
EUR
524.47
RUB
7.42
ME-USD
0.09
Տեսնել լրահոսը

Հակակոռուպցիոն ռազմավարության եւ դրա իրականացման միջոցառումների ծրագրի նախագիծն աշխատանքային փաստաթուղթ է, որի ձեւը եւ բովանդակությունը ենթակա են խմբագրման եւ կատարելագործման: Այս մասին NEWS.am-ին հայտնել է արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով 2019-2022 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրին եւ դրա վերաբերյալ քննադատություններին:

Արդարադատության նախարարությունը շրջանառել է հակակոռուպցիոն ռազմավարությունը 2019-2022 թվականների համար, որում նշված է, որ «վերջին տարիների ընթացքում ՀՀ կառավարությունը հետեւողական պայքար է մղել կոռուպցիայի դեմ՝ հակակոռուպցիոն պայքարը ճանաչելով իր գործունեության առանցքային ուղղություններից մեկը»: Արդյոք «վերջին տարիներ» ասելով նկատի է առնվում նաեւ ՀՀԿ-ի իշխանության տարիները եւ արդյոք, ըստ Ձեզ, ՀՀԿ-ական իշխանությունը հետեւողական պայքար է մղել կոռուպցիայի դեմ:

Հակակոռուպցիոն ռազմավարության եւ դրա իրականացման միջոցառումների ծրագրի նախագիծն աշխատանքային փաստաթուղթ է, որի ձեւը եւ բովանդակությունը ենթակա են խմբագրման եւ կատարելագործման: Որդեգրված տրամաբանությանը համահունչ՝  Արդարադատության նախարարությունը, հաշվի առնելով հասարակական արձագանքը, խմբագրել է Նախագծի ներածական հատվածը, եւ e-draft.am կայքում արդեն իսկ տեղադրված է խմբագրված տարբերակը:

Բովանդակային առումով անդրադառնալով նախագծին՝ նշեմ, որ նախագծի բովանդակային մասը կազմվել էր հիմնականում հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռազմավարությունը մասնագիտական փաստաթուղթ է, եւ դրանում վերլուծվում են նախկին ռազմավարությամբ արձանագրած արդյունքները, այդ թվում՝ ռազմավարության կատարողականի թերացումները:

Նախագծի վերոնշյալ նախադասությունը ներառվել էր՝ հաշվի առնելով հենց ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների կատարումը, քանի որ թեպետ  միջազգային գործընկերների պնդմամբ օրենսդրական մակարդակում այս ոլորտում մի շարք քայլեր են իրականացվել, սակայն գործնականում կոռուպցիայի դեմ պայքարում առկա էին խնդիրներ:

Ռազմավարության մեջ նշվում է, որ Նախարարությունը մտադիր է կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ հիմնական փոփոխությունները իրականացնել 2021-2022 թվականներին: Ինչու այս տարվանից չեն սկսվում փոփոխությունները, որն է պատճառը:

Նախ պարզենք, թե ինչ եք հասկանում «ինստիտուցիոնալ հիմնական փոփոխություններ» ասելով, քանի որ միջոցառումների ծրագրի նախագծով հստակ նախանշվում է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որը հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի անքակտելի մասն է, պետք է  կազմավորվի 2019 թվականից:

Եթե խոսքը վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարում մասնագիտացված իրավապահ մարմնի կամ մեկ հակակոռուպցիոն միասնական մարմնի  ստեղծմանը, նշեմ, որ այս պարագայում նույնպես համաձայն չեմ Ձեր պնդմանը, քանի որ մարմնի ստեղծման գործընթացը մեկնարկում է հենց 2019 թվականից: Ավելին, 2019 թվականի հունվարից արդեն իսկ մեկնարկել է ԵԱՀԿ-ի հետ համատեղ ծրագիր, որի շրջանակներում իրականացվում են մարմնի ստեղծման հետ կապված հետազոտություններ, վերլուծություններ եւ այլն:

Այնուամենայնիվ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նոր մարմնի ստեղծումը ծավալուն գործընթաց է՝ համապատասխան ռիսկերով, հետագայում գործնական խնդիրներից խուսափելու նպատակով  անհրաժեշտ է խորը վերլուծություն իրականացնել, կատարել ռիսկերի եւ կարիքների գնահատում, կանխորոշել մարմնի լիազորությունների շրջանակը, հարաբերակցությունը այլ մարմինների հետ, եւ, վերջապես, ներկայացնել ֆինանսական գնահատական: Ընդ որում, հավատացնում եմ, որ այս մարմնի ստեղծման շուրջ աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են, եւ, անկախ նախագծում նշված ժամկետներից, համապատասխան ֆինանսական միջոցների առկայության դեպքում մարմինը կստեղծվի հնարավոր ամենասեղմ ժամկետներում:

Իրավապաշտպանները նշում են, որ այս նախագիծը չի տալիս այն հարցերի պատասխանները, թե կառավարությունը, իշխանությունը կոռուպցիայի դեմ պայքարի բնագավառում համակարգային ի՞նչ լուծումներ է առաջարկում, ինչպե՞ս է տեսնում կոռուպցիայի հաղթահարման հիմնական ուղիները։ Նշվում է, որ սա Սերժ Սարգսյանի կառավարության հակակոռուպցիոն ռազմավարությունն է եւ նոր կառավարության հակակոռուպցիոն քաղաքականության տրամաբանության հետ առնչություն չունի։ Որքանո՞վ են հիմնավոր այս փաստարկները:

Նախագծով որդեգրվել է կոռուպցիայի դեմ պայքարի դասական մոտեցում, այսինքն, հստակ նախանշվել է, որ ռազմավարության հիմնական ուղղություններն են լինելու կոռուպցիայի կանխարգելումը, կոռուպցիոն գործերի քննություն. քրեական հետապնդման մարմինների գործունեության բարելավումը, հակակոռուպցիոն իրազեկում եւ հակակոռուպցիոն կրթությունը:

Ստացվում է, որ հիշատակված պնդումներն աղերս չունեն իրականության հետ: Իսկ ռազմավարության միջոցառումները սահմանվել են հիմնական ուղղությունների տրամաբանությունից էլ ելնելով: Մասնավորապես, Ռազմավարությամբ նախատեսվում է հակակոռուպցիոն քաղաքականությանն առնչվող փաստաթղթերի՝  շահագրգիռ անձանց լայն շրջանակի ներգրավմամբ մշակման, հակակոռուպցիոն արդյունավետ եւ գործուն ինստիտուցիոնալ համակարգի կայացման, պետական կառավարման համակարգի մարմիններում բարեվարքության հաստատման, էլեկտրոնային կառավարման գործիքների ներդրման, հայտարարագրման, ազդարարման համակարգերի զարգացման, տեղեկատվության ազատության երաշխավորման, պետություն-մասնավոր հատված համագործակցության  խթանման, գործարար ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման միջոցով կոռուպցիայի կանխարգելում:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր գրավականը քաղաքական կամքի դրսեւորմամբ սահմանված նորմերի կիրակումն է՝ տվյալ ռազմավարությամբ հատուկ շեշտադրում է կատարվում կոռուպցիոն դեպքերի բացահայտման, իրավապահ գործունեության բարելավման վրա: Միաժամանակ, ռազմավարությամբ ընդգծվում է  հակակոռուպցիոն կրթության եւ իրազեկման ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը:

Ընդ որում, նախագիծը, հիմնականում, պարունակում է կառավարության ծրագրից եւ ստանձնած ՀՀ միջազգային նոր պարտավորություններից բխող, պետական մարմինների եւ հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված առաջարկների իրագործմանն ուղղված միջոցառումներ:

Այս առումով նշեմ, որ հակակոռուպցիոն ոլորտում Հայաստանն ունի մի շարք միջազգային պարտավորություններ եւ միջազգային կազմակերպություններից ստանում է կատարման ենթակա առաջարկներ, որոնք պետք է արծարծվեն երկրի հակակոռուպցիոն քաղաքականության մշակման գործընթացում եւ, ըստ այդմ, ներառվեն ռազմավարական փաստաթղթերում: Այս տրամաբանությունից ելնելով էլ սահմանվել են միջոցառումները:

Միեւնույն ժամանակ, ուզում եմ եւս մեկ անգամ շեշտել, որ նախագիծը դեռեւս աշխատանքային փուլում է, եւ բավարար ու ներառական քննարկումների արդյունքում լրամշակվելու ու կատարելագործվելու է:

 

Տպել