Մեծ Բրիտանիայում դատարանը որոշում է  կայացրել Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանջին արտաքսել Շվեդիա, որտեղ նրան մեղադրում են բռնաբարությունների եւ սեռական ոտնձգությունների մեջ: Ինչպես հաղորդում է  Reuters-ը, Ասանջը 7 օր ունի դատարանի որոշումը բողոքարկելու համար:

«Արտահոսքերի» սկանդալային կայքի հիմնադիրը մեղքը չի ընդունում: Նրա փաստաբանները սկսված հետապնդումը քաղաքական են որակում: Նրանց կարծիքով, շվեդական իշխանությունները գործում են ԱՄՆ կառավարության թելադրանքով, որը մտադիր է պատժել Wikileaks-ի հիմնադրին՝ գաղտնի նամակագրության հրապարակման համար:

ԱՄՆ-ում Ասսանջին սպառնում է մահապատիժ: Շվեդիան հերքում է, թե գործում է որեւէ մեկի թելադրանքով:

Ասանջը մեծ ճանաչում ստացավ Աֆղանստանում եւ Իրաքում ռազմական գործողությունների մասին գաղտնի փաստաթղթերի, նաեւ ԱՄՆ պետքարտուղարության նամակագրության հրապարակման շնորհիվ: Նա ձերբակալվել էր Լոնդոնում դեկտեմբերի 7-ին` Շվեդիայի հարցման համաձայն: