News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Միջազգային կարգի սպորտի վարպետ, թայ-բոքսի աշխարհի բազմակի չեմպիոն Աշոտ Բոլյանի սպանության հնարավոր պատվիրատուները հայեր են։ Նման կարծիք NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց Բոլյանի կինը՝ Լուսինե Գասպարյանը։ Վերջինս ամուսնու սպանությունից հետո առաջին անգամ խոսել է Բոլյանի՝  ՌԴ–ում և Հայաստանում ծավալած գործունեության, կիսատ թողած ծրագրերի, սպանության գործի, ամուսնու անվան հետ կապված հրապարակումների մասին։

Աշոտ Բոլյանը սպանվել է 2019թ. նոյեմբերի 13-ի երեկոյան Մոսկվայում։ 40-ամյա մարզիկը Նախիմովյան պողոտայում գտնվող իր բնակարանից դուրս է եկել եւ գնացել դեպի իր ավտոմեքենան, որտեղ անհայտ անձը կրակոց է արձակել նրա վրա ու դիմել փախուստի։ Դեպքի կապակցությամբ քննություն է ընթանում ՌԴ Քննչական կոմիտեում։  Բոլյանը եղել է WPKA  վարկածով թաիլանդական բռնցքամարտի աշխարհի առաջնության, IPMTF վարկածով թաիլանդական բռնցքամարտի աշխարհի առաջնության և գավաթի, ինչպես նաև WPKA վարկածով քիգ բոքսինգի Ասիայի գավաթի հաղթող։ Թաիլանդական բռնցքամարտում Բոլյանը հայտնի էր իր սահմանած հարվածային արագության ռեկորդով։ Հայ բռնցքամարտիկը 2002 թվականին տեղափոխվել էր Ռուսաստան: Վերջին շրջանում նա գլխավորում էր Հայկական համաշխարհային կոնգրեսի սպորտի դեպարտամենտը։

Տիկին Լուսինե, ինչպե՞ս իմացաք դեպքի մասին, սպանության օրը խոսե՞լ եք ձեր ամուսնու հետ։

Այդ օրը սովորականի պես Աշոտը եկավ տուն, միասին ճաշեցինք, հետո գնացինք հիվանդանոց՝ մեր երեխային տեսակցության, վերադարձանք տուն, ժամը 20:00–ի սահմաններում նա դուրս եկավ։ Բակում դարանակալած սպասում էր «քիլլերը», ով արեց իր սև գործը։ Ես պատուհանից տեսա, որ ինչ–որ բան է կատարվում բակում, բայց չէի պատկերացնում, որ ամուսինս է սպանվել, հետո իրավապահները բարձրացան և ինձ հայտնեցին կատարվածի մասին։

Ներկայումս ի՞նչ փուլում է գործի քննությունը, պարզվե՞լ է արդյոք սպանության հնարավոր շարժառիթը, կասկածյալներ կա՞ն։

Գործի քննությամբ զբաղվում է Ռուսաստանի քննչական կոմիտեն, ես համագործակցում եմ ռուս իրավապահների հետ և վստահում եմ նրանց։ Քննության շահերից ելնելով՝ չեմ ցանկանում մանրամասեր հայտնել։  Ես փաստաբան չունեմ և, կարելի է ասել՝ միակ անձն եմ, ով շահագրգռված է, որ գործը բացահայտվի և բացահայտվեն սպանության պատվիրատուները։ Ինձ քիչ է հետաքրքրում կատարողը, ինձ համար կարևորը պարզելն է, թե ով է պատվիրատուն։ Ես վստահ եմ, որ պատվիրատուն կամ պատվիրատուները բացահայտվելու են, բայց համոզված եմ, որ Աստված է իրենց պատժելու։

Իսկ կասկածներ ունե՞ք, թե ով կարող էր պատվիրել սպանությունը, ձեր ամուսինը թշնամիներ ունե՞ր։

Ես կարծում եմ, որ պատվիրատուները հայեր են, բայց առայժմ ձեռնպահ կմնամ այլ մանրամասներ հայտնելուց։ Ամուսինս անձնական թշնամիներ չուներ, սակայն մշտապես պայքարել է անարդար երևույթների դեմ, պաշտպանել թույլերին ու եթե միջամտում էր ինչ–որ մարդկանց «մութ» պլանները ձախողում, բնականաբար դառնում էր ինչ–որ մարդկանց համար թշնամի։

Այսինքն իրեն դիմում էին, որ ինչ–որ հարցե՞ր լուծեր։

Որպեսզի պատկերացնեք, մի սովորական օրինակ բերեմ։ Շատ է պատահել, երբ հայ բանվորները եկել են էստեղ աշխատելու, 4-5 ամիս չարչարվել, աշխատել են, բայց նրանց չեն վարձրատրել, այսինքն գործատուն «գցել» է նրանց։ Մարդիկ ճարները կտրած զանգում՝ խնդրում էին Աշոտին, ասում՝ օգնեք փողերս ստանամ, որ կարողանամ վերադառնալ Հայաստան։ Ամուսինս մի զանգով լուծում էր այդ հարցը ու դրա դիմաց ոչինչ չէր վերցնում.  հիմա ի՞նչ, նա այդ քայլով լավությու՞ն արեց, թե հարց լուծեց, ի՞նչ է, դա անօրինականությու՞ն է։ Իսկ ամուսինս պետական համակարգում էր աշխատում և ապահովված էր։ Մի դեպք էլ պատմեմ, որի մասին ուրիշներից եմ լսել, քանի որ Աշոտը խուսափում էր իր արածների մասին պատմել։ Մոսկվայում մի շուկա կա, որտեղ անօրինական «նալոգներ» էին հավաքում հայերից ու «նեղում» մերոնց. շուրջ 100 հայի մասին է խոսքը. ամուսինս լուծեց այդ խնդիրը ու 100 ընտանիք ազատվեց այդ խնդրից, բայց դրանից հետո, բնականաբար դարձավ մի խումբ մարդկանց թշնամին և նմանատիպ շատ դեպքեր։ Սրանք խնդիրներ են, որոնցով պետք է զբաղվեին ՌԴ–ում հայերի շահերը ներկայացնող կառույցները, սակայն աչք էին փակում այդ երևույթների վրա։

Որքանով տեղյակ եմ, ձեր ամուսնու նկատմամբ տարիներ առաջ մահափորձ է եղել, կպատմե՞ք այդ դեպքի մասին. հնարավո՞ր է՝ մահափորձի և սպանության հետևում նույն անձն է կանգնած։

Այո, եղել է նման բան, 14 տարի առաջ նոյեմբերի 13–ին դարձյալ Մոսկվայում , նույն այն օրը, երբ տեղի ունեցավ ամուսնուս սպանությունը, չգիտեմ դա պատահականություն էր, թե ճակատագիր... Այդ դեպքը բացահայտվեց, մեղավորները պատիժ կրեցին, բայց հիմա չեմ ուզում խոսել այդ մասին։

Ձեր ամուսնու սպանությունից հետո մամուլում լուրեր  տարածվեցին, թե իբր նա է կազմակերպել է «օրենքով գող» Մասիվցի Անդիկի՝ Անդրանիկ Հարությունյանի սպանությունը։ Այս մասին ի՞նչ կասեք։

Դրանք սուտ տեղեկություններ են։ Աշոտն այդ սպանության գործի հետ որևէ կապ չունի։ Ներկայացնում են, թե իբր ամուսինս խոշոր գումար է պարտք եղել խաղատանը, դա նույնպես սուտ է, ինչ–որ ուժեր կեղծ լուրեր տարածելով փորձում արատավորել ամուսնուս անունը, սևացնել նրան, ներկայացնել իբրև խաղամոլ, հանցագործ աշխարհի հետ կապ ունեցող մեկին, մինչդեռ իմ ամուսինը տանել չէր կարողանում հանցագործներին, նա սիրված մարզիկ է եղել և մեծ հարգանք է վայելել թե՛ Ռուսաստանում և թե՛ Հայաստանում։

Գիտեմ, որ անչափահաս երեխաներ ունեք, ինչպե՞ս եք հոգում նրանց կարիքները։

Երեք երեխա ունեմ՝ երկու դուստր, մեկ որդի։ Մեծ դուստրս 17 տարեկան է, Մոսկվայի պետական համալսարանում է սովորում, իսկ փոքր որդիս սովորում է 1–ին դասարանում, մինչև հիմա հարցնում է հոր մասին, չգիտեմ ի՞նչ պատասխանեմ։ Ես չեմ աշխատում, բայց աշխատանք գտնելն ինձ համար խնդիր չէ, ինձ համար ամենածանր հարվածն ամուսնուս կորուստն է, ինձ համար ցավ է, որ իր մահվանից հետո որոշ մարդիկ փորձեցին արատավորել ամուսնուս բարի համբավը, սևացնել նրա կատարած գործերը, սակայն նրան ճանաչողները գիտեն, թե ով է նա և ինչ է արել իր երկրի համար։

Խոսքը սպորտային ձեռքբերումների մասի՞ն է։

Ոչ միայն. ամուսինս երբեք չի սիրել խոսել իր կատարած բարեգործությունների մասին, քանի որ չափազանց համեստ մարդ էր։ Ամուսինս շատ է աջակցել տարբեր մարզիկների, շատ էր սիրում իր հայրենիքը, մշտապես օգնություն է ցուցաբերել Հայաստանին և Արցախին թե՛ Ապրիլյան պատերազմից առաջ, և թե դրանից հետո։ Աշոտը ընտանիքին նվիրված էր, լավ հայր էր, լավ ամուսին, նա չափազանց Աստվածապաշտ մարդ էր, նվիրված էր իր ընկերներին, բայց արդյոք բոլորն էին իր համար ընկեր, դա արդեն մեծ հարցական է։ Իր համար փողը երբեք արժեք չուներ, արդար էր և ազնիվ։ Աշոտին Հայաստանում չգնահատեցին, երբ սպորտային հաջողություններ էր արձանագրում, բարձրացնում Հայաստանի դրոշն օտար երկրներում, փորձում էին ճնշել, նեղել... Բայց նա չափազանց լավատես էր...Երկու բան կա մեր ազգի մեջ, որը եթե վերանա՝ ամենահզորը կլինենք. նախանձն է ու ներքին թշնամին, սրա դեմ է պետք է պայքարել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ