News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Դավաճանության բարոյական տիրույթում մեղադրանքները սուբյեկտիվ են։ Այս մասին Հանրային հեռուստատեսության եթերում՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը՝ արձագանքելով հաղորդավարի դիտարկմանը, որ իրենց այսօր դավաճան են համարում։

«Դավաճանության բարոյական տիրույթում մեղադրանքները սուբյեկտիվ են։

Իրավական մակարդակում դավաճան է այն անձը, որն անցել է թշնամու կողմը, լրտեսել է պետության դեմ, պետական գաղտնիք է հայտնել օտար պետությանը։ Այդ գործողություններից ո՞րն է արել կառավարությունը կամ վարչապետը»,– ասաց Լենա Նազարյանը։

Իսկ հող հանձնե՞լը՝ հարցին, Նազարյանը պատասխանեց. «Ո՞վ է հող հանձնել։ Տարածքները կորսվել են կռվի դաշտում։ Պատերազմ է եղել»։

Անդրադառնալով ժամանակին պատերազմը չկանխելու մեղադրանքին՝ Լենա Նազարյանն ասաց. «Երբ վարչապետն իր առաջին պաշտոնական այցը կատարեց Ստեփանակերտ, ասաց, որ մեր խնդիրն Արցախի և Հայաստանի անվտանգությունն ավելացնելն է: Նրան այդ պահին հայտնի էր, որ կա երկու ընտրություն՝ համաձայնում ենք այդ պայմաններին, կամ պատերազմ: Ես կարծում եմ՝ վարչապետն ինքն էլ արդար և շահեկան չի համարել մեր ժողովրդի համար այդ պայմաններին համաձայնելը։

Սեպտեմբերի 27-ին, երբ վարչապետը եկավ ԱԺ, ասաց, որ կարող ենք կանգնեցնել պատերազմը 7 շրջանների եւ փախստականների վերադարձի պայմանով, ոչ մի խոսք կարգավիճակի մասին։ Այդ ժամանակ քաղաքական ոչ մի ուժ չհամաձայնեց այդ սցենարին, ոչ մի հանրային պահանջ չեղավ կանգնեցնելու մասին, ոչ մեկը դուրս չեկավ փողոց՝ ասելու, որ կանգնեցրեք։

Հանրային ընկալումները եւ մեր պատկերացումները, այնպիսին էին, որ արդար չէ հանձնվել առանց պայքարի»,– ասաց նա։

Դիտարկմանը, որ իշխանությունը կարող էր 44 օրվա մեջ ավելի վաղ կանգնեցնել պատերազմը, որի դեպքում Շուշին չէր հանձնվի, և զոհերը քիչ կլինեին, Լենա Նազարյանն արձագանքեc. «Հայտարարությունը հնարավոր է եղել ստանալ, հրապարակել միայն այն կետում, որում հնարավոր է եղել»: Հարցին, թե այսինքն՝ մինչև այդ հնարավոր չէ՞ր, Լենա Նազարյանն արձագանքեc. «Ոչ, ես կարծում եմ, հնարավոր չէր»:

Դիտարկմանը, թե իշխանության ընդդիմախոսները նշում են՝ իշխանությունը պարտվել է և անկախ նրանից՝ դավաճանել է, թե ոչ, պետք է հեռանա, և կայանան արտահերթ ընտրություններ, ԱԺ փոխնախագահը պատասխանել է, թե ոչ ոք չի ասում, որ արտահերթ ընտրություններ պետք չեն:

«Մենք չենք ասում, որ արտահերթ ընտրություններ պետք չեն, մենք ասում ենք՝ արտահերթ ընտրությունների համար անհրաժեշտ են պայմաններ։ Ընտրությունների ողջ իմաստը ապագան է։ Քաղաքական ճգնաժամը այս նոր՝ անորոշություններով լի պայմաններում դեռեւս չձեւակերպված ապագայի շուրջ է։ Քաղաքական կուսակցությունները, որոնք հավակնում են մասնակցել ընտրություններին, պետք է պատասխանեն մի շարք հարցերի՝ ինչպես են պատկերացնում ՀՀ ապագան, ինչպես են պատկերացնում ԱՀ ապագան, ինչ կլինի կոնֆլիկտի հետ։

Մինչեւ ընտրարշավը մենք պետք է կողմնորոշվենք այդ հարցերի շուրջ, որովհետեւ դրանցից է կախված՝ մարդիկ իրենց ապագան այստեղ կտեսնեն, թե ոչ։ Քանի դեռ պատասխանները  ձեւավորված չեն, ցանկացած ընտրություն իշխանության համար կռիվ է լինելու, որին ես անձամբ չեմ պատկերացնում, որ կարող եմ մասնակցել։

Ողջ քաղաքական խոսույթը անշարժացել է՝ Փաշինյանը գնա, Փաշինյանը մնա կետում, բայց դա չէ քաղաքական ճգնաժամը, այլ մեր ապագայի մասին խոսակցությունն է, որին ժամանակ է պետք, որ լինի։ Հիմա ժողովուրդը գտնվում է հուզական ապրումների եւ հիասթափությունների մեջ եւ չեմ պատկերացնում՝ ինչպես պետք է քարոզարշավ անենք։ Ես նկատում եմ, որ հանրային մակարդակում այս խոսակցությունները արդեն հայտնվում ենք։ Մի խումբ կա, որ ասում է՝ մենք պետք է համակեցության հնարավորություններ գտնենք մեր հակառակորդ հարեւանի հետ, մյուս խումբն ասում է՝ պետք է ուժեղանանք եւ ետ վերադարձնենք կորսվածը, մյուսն էլ ասում է՝ պետք է խաղաղ ապրենք, բայց ուժեղ պետություն ունենանք՝ ուժեղ հանրությամբ»։

Լրագրողի ճշտող հարցին, թե հետեւաբար ե՞րբ է ընտրությունների ժամանակը, Լենա Նազարյանը պատասխանեց. «Այս պայմանների առկայության դեպքում, գուցե ժամանակը կլինի, որ խոսենք դրա մասին»։

Անդրադառնալով ժամանակավոր համաձայնության կառավարություն ստեղծելու առաջարկին՝ Լենա Նազարյանն ասաց. «Ազգային համաձայնության կառավարության մասին իմաստ ունի խոսել, երբ տեղի են ունեցել ընտրություններ, մասնակից քաղաքական ուժերը հավաքել են հավասար ձայներ եւ հաղթող թեկնածու չկա»։

«Ձեր ասածը կոալիցիոն կառավարությունն է»,– նկատեց հաղորդավարը։

«Ես սա էլ եմ այդպես հասկանում։ Հիմա այդ ուժերը, որոնք հավաքներ են անում, դրանցից մեծ մասը չի մասնակցել ընտրությունների, 2-ը չի անցել խորհրդարան, նրանց կազմած կառավարությունը ո՞ւմ է ներկայացնելու, ո՞րն է լինելու նրա լեգիտիմության արդյունքը։ Դրանով առաջարկվում է խմբագրել ժողովրդի քվեն»,– արձագանքեց Լենա Նազարյանը։

ԱԺ փոխխոսնակի կարծիքով՝ ազգային համաձայնության կառավարությունը արդեն ձեւավորվել է ընտրությունների արդյունքում։ Դիտարկմանը, որ հիմա բան է փոխվել, այդ վստահությունը չկա, Նազարյանն արձագանքեց. «Ես տեսնում եմ, որ կան տագնապներ, հիասթափություններ եւ մեղադրանքներ, ոչ ոք չի ասում, թե իշխող ուժը չունի պատասխանատվություն։ Բայց միայն ընտրություններով կարող ենք դա հասկանալ»։

Դիտարկմանը, որ իշխող թիմը կարող է ընտրել նոր վարչապետ, Լենա Նազարյանն արձագանքեց. «2 տարվա ընթացքում մեզ բոլոր կողմերից ասել են, որ ընտրություններում հաղթել է Նիկոլ Փաշինյանը եւ ոչ թե մեր թիմը։ Այդ դեպքում, եթե մեր թիմից ինչ-որ մեկը ընտրվի, նույն լեգիտիմության խնդիրը չի՞ առաջանա»։

Նա վստահեցրեց, որ վարչապետի լեգիտիմության հարց հիմա չկա։

Դիտարկմանը, որ պարտված ղեկավարը չի կարող գնալ բանակցելու, ԱԺ փոխխոսնակն արձագանքեց. «Համաձայն չեմ... ինչպե՞ս ենք ընտրում բանակցողին, ժողովրդի տված քվեի միջոցով»։

Հարցին, թե ինչպես կարող է ընդդիմությունը վաղվա օրվա մասին պատկերացում տա, եթե չեն չեղարկում ռազմական դրությունը, հանրահավաք են անում, բռնում տանում են, Լենա Նազարյանն արձագանքեց. «Ռազմական դրությունը պահպանվել է, քանի որ կա գործողությունների վերսկսման վտանգ։ Այս մասին ասել է ԶՈՒ ԳՇ պետը։ Ես կարծում եմ՝ մեր որոշումները պետք է խարսխված լինեն ռազմական ղեկավարության տված եզրակացության վրա։ Եթե նրանք ասեն, որ վտանգ չկա, նույնիսկ կառավարությունը կարող է չեղարկել։ Բայց եթե ներկայացնում են, որ կա վտանգ, չեմ հասկանում՝ ինչու պետք է հակառակը անենք։ Էդմոն Մարուքյանը ասել է, որ վստահում է ռազմական ղեկավորությանը։ Այդ դեպքում ես երեւի վաղը պետք է հարցնեմ՝ եթե վստահում եք եւ նրանք այսպիսի եզրակացություն են տալիս, ինչո՞ւ ենք հակառակը անում»։

Մենք ռեւանշի գնալո՞ւ ենք, թե՞ խաղաղության՝ հարցրին Լենա Նազարյանը պատասխանեց. «Դա հենց ճգնաժամի հանգուցալուծման կետը պետք է լինի, երբ քաղաքական ուժերը, որոնք մասնակցում են հանրային օրակարգի ձեւավորմանը, խոսեն այդ մասին։ Ես ունեմ իմ կարծիքը այդ մասին, բայց ես նաեւ քաղաքական ուժի անդամ եմ եւ մենք պետք է քննարկենք մեր հետագա անելիքները։

Դա հեշտ խնդիր չէ։ Քննարկումներ ենք ունեցել խմբակցությունում։ Դաշինքը բաղկացած է տարբեր կարծիք ունեցող անձանցից, բայց միեւնույնն է՝ պետք է անցնենք այդ ճանապարհով եւ հստակ ուղերձով ներկայանանք հանրությանը»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ